Բացել լրահոսը Փակել լրահոսը
1644-5859939b4ed15eee02a86686a3d92e16
A A
Հասարակություն

Կա նաև մենթալիտետի, ավանդույթների տարբերության խնդիր․ պատմաբանը՝ համայնքների խոշորացման մասին

Համայնքների խոշորացումը մի խումբ բնակավայրերի միավորումն է մեկ համայնքում, որի հիմնական նպատակը բյուջեի, բնակավայրերի արդյունավետ կառավարման իրականացումն է:

Համայնքների հնարավոր խոշորացման վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչ, պատմաբան, հասարակական գործունեությամբ զբաղվող Վանո Կարապետյանի հետ։

ՄԵզ հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ ԳԵղարքունիքի մարզում խոշորացումը հետաձգվել է մինչև 2021 թվականը։ «Սկզբից ասում էին 2020 թվականին , բայց իրենց ուզածը 5000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներն են։ Այսինքն՝ իրենք գնում են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների խոշորացման ուղղությամբ»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ  ժամկետի հետաձգման վերաբերյալ տեղեկացել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի օգնական Նարեկ Մանուկյանի հետ առանձազրույցում։ 

«Ասաց՝ «հետաձգել ենք»։ Բայց իրենք գնում են բոլոր համայնքների խոշորացման ճանապարհով։ Փոքր համայնքներն արդեն խոշորացված, ավարտված են»։ 

Կարապետյանը պատկերավոր օրինակ բերեց, թե Ճամբարակի շրջանում Շորժայի անունը փոխել-սարքել են Շողակաթ և 5 համայնք միավորել են, հազիվ դարձել  է 3 հազար բնակիչ։ 

«Այստեղ պետությունը գտել է, որ այդ 3 հազար բնակչով կարելի է համայնքապետարան և աշխատակիցներ պահել, բայց Մարտունու տարածաշրջանը, որ կա, այդտեղ գյուղերն արդեն 5 հազար և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերն էլի 2021 թվականին ցանկանում են միավորել իրար։  2, 2, 5 hազար բնակիչ ունեցող համայնքը միավորում են ու դարձնում մեկ համայնք։ Բնակչությունը դժգոհ է, չի ցանկանում, համայնքի ղեկավարները նույնպես չեն ցանկանում»։

Կարապետյանն ասաց, որ մոտ 1,5 ամիս առաջ, Գեղարքունիքի մարզպետարանում հանրային լսումներ էին կազմակերպվել, և առաջարկվում էր խոշորացման երկու տարբերակ՝ փնջային և շրջանային։

«Նախկինում, որ Մարտունու շրջան է եղել՝ այդ շրջանային տարբերակով։ Իսկ փնջայինի պարագայում պետք է որոշվի, թե որ համայնքները։ Սակայն ղեկավարները բացասական կարծիքն են հայտնել թե՛ փնջային, թե՛ շրջանային տարբերակներին»,- նշեց նա։ 

Ըստ պատմաբանի՝  կառավարության ներկայացուցիչներն առաջարկել էին Լիճք համայնքը, որն ունի մոտ 5600 բնակիչ, միավորել Ծակքար (3 հազար բնակիչ), Ծովասար (3 հազար բնակիչ) համայքների հետ փնջային տարեբերակով, իսկ շրջանային տարբերակով 10 համայնք միավորել Մարտունի քաղաքի հետ, սակայն բնակչությունը, համայնքի ղեկավարները դեմ էին արտահայտվել։ 

Հասարակական գործիչը համայնքապետրի դեմ լինելը բացատրեց նրանով, որ նախ վերջիններս ընտրվել են որպես համայնքի ղեկավար, իրենց քվե են տվել, որ այդ ժամկետով ղեկավարեն․ «Պետությունն ասում է՝ «գիտես ինչ կա․ դու համայնքի ընտրված ղեկավար ես , քո լիազորությունները 2021 թվականից վայր ես դնում , համայնքները գնում են խոշորացման, ու նոր ընտրություններ են տեղի ունենում»։ 

Երկրորդը, ըստ նրա, այն է, որ այստեղ երկակի ստանդարտ են կիրառվում․ «Եթե 3 հազար բնակիչ ունեցող համայնք են ձևավորել  փոքր համայնքներից, հասկացանք, բայց համայնք կա, որ առանց խոշորացման 5 հազար և ավելի է, այդ համայնքն ինչո՞ւ են խոշորացնում, ինչո՞ւ են գտնում, որ պետք է խոշորացնեն»։

Կարապետյանն ընդգծեց, որ նույնպիսի սուր խնդիր  առկա է նաև Արմավիրի մարզում, որտեղ համայնքները Մարտունու տարածաշրջանի չափ են․ նույնպես կան 3, 4, 5, 6 հազար բնակիչ ունեցող համայնքներ։ Վերադառնալով Գեղարքունիքի մարզպետի օգնականի հետ առանձնազրույցին՝ Կարապետյանն ասաց, որ օգնականն ասել է, որ 2021-ին նույնպես հանրային լսումներ կկազմակերպվեն, և դիտարկումները ներկայացնելու հնարավորություն կլինի։ 

«Ես զրուցել եմ տարբեր համայնքապետերի հետ։ Նրանք դեմ են խոշորացմանը։ Այստեղ կա նաև համայնքների միջև մենտալիտետի, ավանդույթների, սովորույթների տարբերության խնդիր։ Եզրափակելով նշեմ, որ կա ծրագիր նաև մարզերի խոշորացման վերաբերյալ, օրինակ կա 10-ը մարզ, որ կարող է դառնալ 7-ը»,- եզրափակեց նա։