Բացել լրահոսը Փակել լրահոսը
4d311193d5c71fe74b6c81f652152fe1
A A
Պաշտոնական

«Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ, նախնական պարզված շուրջ 23.7մլրդ դրամի վնաս»

Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին: 

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 04.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2009-2018թթ. ընթացքում Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Պետությանը պատճառված նախնական հաշվարկված վնասը կազմում է շուրջ 23.7մլրդ ՀՀ դրամ: 

Քրեական գործով առկա տվյալներն առերևույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար և ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության բացակայության, պայմանագրերի գնի և բովանդակության, նախագծերի մեջ անհարկի ու անհիմն փոփոխություններ կատարելու արդյունքում նախատեսված ժամկետների խախտմամբ, շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ երթևեկության ժամկետի կրճատումը, Հայաստանի հարավը անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելը և այլն: 

Այսպես՝

  • Ինչպես գլխավոր կապալառուի ընտրության, այնպես էլ մյուս մրցույթներում սահմանված կանոնների կոպիտ խախտման արդյունքում հաղթող են ճանաչվել հավասար պայմաններում ավելի բարձր գին առաջարկած կազմակերպությունները, որոնք անարդյունավետ հսկողության և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական հանցանքների կատարման պայմաններում ամբողջությամբ ձախողել են Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման Ծրագիրը, խախտել բոլոր ժամկետներն ու պայմանագրային պարտավորությունները՝ անարդյունավետ ծախսելով 300մլն ԱՄՆ դոլարից ավելի վարկային գումարներ և պետական բյուջեի միջոցներ:

 

  • Ծրագրի իրականացման ընթացքում տեխնիկական առաջադրանքի շրջանակներում  նախապես կատարված հետազոտության հիման վրա Երևան-Արարատ հատվածում ճանապարհի բարվոք լինելու և միայն գծանշման, ջրատարների վերանորոգման աշխատանքների կատարման եզրակացության առկայության պայմաններում անհիմն որոշվել է դրա Երևան-Արտաշատ հատվածը բետոնապատել, իսկ նախապես որոշված ասֆալտե ծածկն առանց որևէ հիմնավորման փոխվել է բետոնե ծածկով: Դա այն պայմաններում, որ ՀՀ-ում չի արտադրվել ավտոճանապարհային հատուկ ցեմենտ, իսկ բետոնե ծածկույթում օգտագործվել է տեղական արտադրության համաշինարարական ցեմենտ: Արդյունքում ծրագրի Տրանշ-1-ի ճանապարհների բետոնե ծածկույթը չի համապատասխանել սահմանված տեխնիկական պայմաններին ու չափորոշիչներին և առաջացած անորակություններն ու անհարթությունները վերացնելու համար անհիմն կատարվել են չնախատեսված լրացուցիչ աշխատանքներ՝ ճանապարհի ֆրեզավորում և այլն: Այդ լրացուցիչ աշխատանքները չեն շտկել վիճակը, սակայն բոլոր դեպքերում Տրանշ-1-ի անորակ ճանապարհներն ընդունվել են շահագործման:

 

  • Գլխավոր կապալառուների, ենթակապալառուների, խորհրդատու ընկերությունների կողմից շինարարական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրերով սահմանված ժամկետների խախտման, անորակ աշխատանքների կատարման և ընդունման, այլ խախտումների համար նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու փոխարեն  իրավասու պաշտոնատար անձինք ստորագրել են համաձայնագրեր, որոնցով պատասխանատվությունն անհիմն ստանձնել է պատվիրատու հանդիսացող պետությունը և վճարել միլիոնավոր դոլարների անհիմն տուգանքներ:

ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը, դատախազական պատշաճ ղեկավարման ներքո, իրականացրել է բազմադրվագ ու մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ: Արդյունքում պարզվել են անապրանք գործարքների, փողերի լվացման, հարկերից խուսափելու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու, հափշտակությունների, դրանց հանցակցության բազմաթիվ սխեմաներ, որոնց առթիվ մինչ օրս հարուցվել է ևս 10 քրեական գործ, որոնք միացվել են հիմնական գործին:

Առերևույթ հանցավոր մեխանիզմներում ներգրավված են տասնյակ ինչպես հիմնական կապալառու, այնպես էլ ենթակապալառու ընկերություններ, նրանց ներկայացուցիչների հետ փոխկապակցված տեղական ու արտերկրյա առևտրային կազմակերպություններ, վերջիններիս ղեկավարներ, սեփականատերեր, աշխատակիցներ, պետական պաշտոնյաներ, նրանց ազգականներ և այլն։ 

Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ են ներգրավվել շինաշխատանքներում անմիջական ընդգրկված ընկերությունների, այդ թվում նաև՝ չինական, տնօրեններ, աշխատակիցներ, խորհրդատու արտասահմանյան կազմակերպության խմբի ղեկավարը, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ընդհանուր թվով 18 անձ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 3-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ, 6-ի դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին: 

Քննությամբ պարզվել է, որ տարբեր դրվագներով կապալառու և ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, նաև փողերի լվացման նպատակով առանց աշխատանքների փաստացի կատարման կամ ծառայությունների մատուցման կազմվել և տրամադրվել են կեղծ հաշվապահական փաստաթղթեր, կատարվել են կեղծ հաշվապահական գրանցումներ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2.848.946.479 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս, որը  հաշվարկված տույժ-տուգանքներով կազմում է 3.893.317.723 ՀՀ դրամ:

Բացի այդ, գործով անցնող մեղադրյալների կողմից խարդախությամբ, այն է՝ շինաշխատանքների վերաբերյալ վճարման վկայագրերում հավելագրումներ կատարելու, կատարողական, հանձնման-ընդունման ակտերում կեղծիքներ կատարելու միջոցով պայմանագրով նախատեսված չափանիշներին չհամապատասխանող, անորակ ասֆալտապատման աշխատանքներ հանձնելու եղանակներով, կատարվել են հափշտակություններ՝ ինչի հետևանքով հափշտակվել է ընդհանուր առմամբ 1.086.120.000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումար:

Ընդհանուր առմամբ ներկա պահին գործով անցնող 18 մեղադրյալներին մեղսագրվող հանցանքներով արձանագրված նյութական, գույքային վնասից վերականգնվել է 225.718.575 ՀՀ դրամը, 1 մլրդ ՀՀ դրամ մուտքագրված է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին: Բացի այդ, կալանք է դրված մեղադրյալների շուրջ 50 միավոր անշարժ և 114 միավոր շարժական գույքի, բանկային հաշիվների և կանխիկ 82.328.800 ՀՀ դրամի վրա:  

Նախաքննության ընթացքում առաջ քաշված և պլանավորված 6 հիմնական դրվագներով նախաքննությունը շարունակվում է։


Հարգանքով՝

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին