Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց ԱՄՆ-ին

Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կարեւոր հաղթանակ տարավ աշխարհի թիմային առաջնության նախավերջին 8-րդ տուրում եւ շարունակում է հավակնել մրցանակային տեղերին:

Մեր թիմն ի հաշիվ Լեւոն Արոնյանի տարած տպավորիչ հաղթանակի պարտության մատնեց մրցաշարի առաջատար ԱՄՆ-ի հավաքականին` 2,5:1,5: Մեր հանրապետության առաջատար գրոսմայստերն իրեն բնորոշ ոճով տպավորիչ հաղթանակ տարավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ (այդ մասին մատնանշում են հայտնի շախմատային կայքէջերը): Վերջինս մինչ այդ իր անցկացրած 6 պարտիաներում վաստակել էր 5,5 միավոր եւ համարվում էր առաջնության ամենաարդյունավետ շախմատիստը: Հայաստանի հավաքականի մյուս մասնակիցները` Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը նա վերջին պահին փոխարինեց Գաբրիել Սարգսյանին եւ Տիգրան Լ. Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:

Հայաստանի հավաքականն այս հաղթանակով Ռուսաստանի հավաքականին հնարավորություն տվեց կրկին գլխավորել մրցաշարային աղյուսակը, որը հեշտությամբ հաղթեց մեր առաջիկա մրցակից Եգիպտոսի ընտրանուն` 3,5:0,5, եւ շրջանցեց ԱՄՆ-ի թիմին:

Վերջին տուրից առաջ մեր թիմը 10 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, ետ մնալով Ռուսաստանի (3 միավոր), ԱՄՆ-ի (2) եւ Ադրբեջանի ու Հնդկաստանի (1-ական) հավաքականներից: Դա նշանակում է, որ մեր շախմատիստները դեռեւս հավակնում են բրոնզե մեդալներին, բայց ... դրա համար հարկավոր է, որ մերոնք վերջին տուրում հաղթեն Եգիպտոսի հավաքականին, ինչը, անշուշտ, իրատեսական է, ԱՄՆ-ն պարտության մատնի Ադրբեջանին, իսկ Հնդկաստանի հավաքականը նվազագույնը ոչ-ոքի խաղա Բրազիլիայի թիմի հետ: Այնպես որ, շատ հետաքրքիր եւ դիտարժան վերջաբան է սպասվում շախմատասերներին:

 

                                 Մրցաշարային աղյուսակ

                            Մ  ԸՄ

1. Ռուսաստան       13  21

2. ԱՄՆ                 12  19,5

3. Ադրբեջան          11  20

4. Հնդկաստան       11  17,5

4. Հայաստան         8   17,5

6. Իսրայել            7     16

7. Հունաստան       6    15,5

8. Բրազիլիա         4     12

9. Եգիպտոս         3      11

8. Թուրքիա         3      10