Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ասել եմ, որ թեկնածուներ չեմ փնտրելու ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնների համար․ վարչապետ (տեսանյութ)

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների հարցում առաջիկայում փոփոխություններ լինելո՞ւ է, քանի որ Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականներից հետո ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել։

«Ես ԱԱԾ-ի ու Ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարներին նշանակելիս հրապարակային ասել եմ, որ ես հիմա նոր թեկնածուներ չեմ փնտրելու այդ կարգավիճակների համար և նշանակված երկու պաշտոնյաներին հնարավորություն եմ տալու այս ընթացքում աշխատել որպես լիարժեք ղեկավարներ։ Այսպիսի դեպքերում ընդունված չի, երբ պաշտոնակատար են՝ իրենք աշխատեն ղեկավարների աշխատասենյակում, բայց ես ինքս ուղեկցել եմ և ԱԱԾ-ի և Ոստիկանության պետի ժամանակավորի պաշտոնակատարին պետերի աշխատասենյակ և ասել եմ, որ այստեղ կաշխատեք։ Ես ասել եմ, որ որոշման իմ մասը կայացրել եմ, մնացած մասը դուք պիտի կայացնեք՝ ձեր կատարած աշխատանքի արդյունքներով և այդ կանոնը շարունակում է ուժի մեջ մնալ»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ըստ օրենքի՝ այս կարգավիճակով նրանք կարող են պաշտոնավարել 6 ամիս, որից հետո պետք է որոշում կայացվի։ «Երբ տեսնեմ, որ որևէ որոշում հասունացել է, ես այդ որոշումը կկայացնեմ և դա գաղտնիք չի մնա»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։