Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանի ոչ մի քաղաքացի հիվանդանոցների դռանը չպիտի մնա․ Փաշինյանը՝ ապահովագրության մասին (տեսանյութ)

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման մասին։ Պատագամավորը հարցրեց, թե արդյո՞ք այդ նախագիծը սոցիալական անարդարության խնդիր չի առաջացնի, և արդյո՞ք առողջապահական ապահովագրության համար 6 տոկոս առողջապահական հարկը բարձր չէ։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեկ տարուց ավել է քննարկումներ են անցկացնում, թե ինչպես պետք է հասնեն այն նպատակին, որ ՀՀ-ում քաղաքացին հիվանդանոց դիմելու խնդիր չունենա։ «Մեր հիմնական թեզն այն է, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի հիվանդանոցների դռներին չպիտի մնա։ Այս ընթացքում տարբեր քննարկումներ են եղել և պետք է ձեզ ասեմ, որ Կառավարությունում այս հարցի վերաբերյալ միասնական կարծիք և տեսակետ չկա»,- տեղեկացրեց վարչապետն ու հավելեց, որ օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը էլեկտրոնային փոստով իրեն գրել է, որ ունեն որոշակի հայեցակարգային մոտեցում, որն ինքն ուզում է դնել հանրային քննարկման։

Նիկոլ Փաշինյանը դեմ չի եղել դրան, բայց պայմանով, որ արձանագրվի, որ այդ հարցի շուրջ քաղաքական որոշում չկա և դա արվում է զուտ թեման հանրությանը ներկայացնելու և տեսակետներ ունենալու համար։ Ըստ վարչապետի՝ ուսումնասիրելով այս կամ այլ հարցերի շուրջ կարծիքները, նկատել է, որ մթնոլորտ է ստեղծվում, թե մարդիկ վախենան մտքեր արտահայտելուց։ «Եկենք լիցքաթափվենք, որովհետև այն որոշումները, որոնք պետք է կայացվեն, պետք է ընդունելի և հիմնավորևված լինեն։ Ես չեմ հասկանում ոմանց աղմուկ-աղաղակը, թե վա՜յ, Կառավարությունն ուզում է հարկերը 6 տոկոսով բարձրացնել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, չեն վախենալու նման հարցերը քննարկելուց։