Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարիկ Սարգսյան
A A
Հասարակություն

Իմ կուրսընկերն է, Նազարեթյան Արտավազդի մասին է խոսքը․ Արարատի մարզպետն իր տեղակալին ներկայացրեց (տեսանյութ)

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց, որ պարգևատրում է ստացել, որ իր բաջանաղին է պարգևատրել և որ իր բաջանաղն իր տեղակալն է։

Անդրադառնալով «կանտովկա չդզելու» համար վարսավիրին ծեծելու միջադեպին՝ մարզպետն ասաց, որ այժմ քննություն է ընթանում, և երբ որ ավարտվի՝ իրավապահ մարմինները կներկայացնեն իրենց եզրակացությունը։  Արարատի մարզում ներդրումների քանակի վերաբերյալ Սարգսյանն ասաց, որ չգիտի թե որքան է եղել, հրաժարվեց պատասխանել կոկորդիլոսաբուծարանի վերաբերյալ հարցին, հերքեց, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն իրեն ժամացույց է նվիրել, ասաց, որ  վերջինիս հետ հարաբերություններն աշխատանքային են։

Առիթն օգտագործելով, Գարիկ Սարգսյանը ներկայացրեց իր տեղակալին, որն իրենից 1 մետր հեռավորության վրա էր կանգնած․

«Իմ կուրսընկերն է։ Նազարեթյան Արտավազդի մասին է խոսքը։ Մարզպետի տեղակալ, ծանոթացե՛ք։ Իրար հետ սովորել ենք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների  ֆակուլտետում, ընկերներ ենք, հիմա նա իմ տեղակալն է։ Ոչ մի բաջանաղ չէ»։

Արարատի մարզպետն ասաց, որ Նազարեթյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրումից ի վեր աջակցել է իրենց։ Լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք սա կոռուպցիա չի համարում, և արդյո՞ք գիտի, որ կոռուպցիայի տեսակներից մեկը նաև հովանավորչություն է, Գարիկ Սարգսյանը պատասխանեց․

«Դուք հիմա, կներե՛ք, բայց վարչապետի՞ն եք մեղադրում կոռուպցիայի մեջ, որովհետև վարչապետն է նշանակում փոխմարզպետի տեղակալին»։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք մարզպետն է առաջարկ անում տեղակալի նշանակման համար, մարզպետը պատասխանեց, որ ոչ միայն ինքն է առաջարկում, այլև՝ նախարարն է առաջարկում, երաշխավորում։ «Իսկ, եթե վարչապետը գտնում է, որ տվյալ մարդուն կարելի է նշանակել այդ հաստիքին, պաշտոնին՝  նշանակում է։ Դուք հիմա ո՞ւմ եք մեղադրում հովանավորչության, կոռուպցիայի մեջ։ Կներեք բայց այլևս չեմ պատասխանում, շնորհակալութուն»,- եզրափակեց նա՝ մտնելով Ռանչպարի նորակառույց մանկապարտեզ։