Բացել լրահոսը Փակել լրահոսը
2635078
A A
Հասարակություն

Հայաստանում նոր՝ օրգանական գինիներ են արտադրվում (տեսանյութ)

«Օրգանական գյուղատնտեսությունը թափ է ապրում Հայաստանում, առաջին անգամ Հայաստանում Տրինիտի ընկերության կողմից ստեղծվել են օրգանական խաղողի այգիներ, և այս տարի առաջին անգամ շուկա են դուրս գալու մեր առաջին գինիները՝ պատրաստված այդ խաղողից»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Նրա խոսքերով՝ հիմնադրամը ոլորտի զարգացման ուղղությամբ շատ մեծ աշխատանք է իրականացնում։

Օրգանական խաղողագործության Տրինիտի Կանյոն այգիները համահիմնադրվել են Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում։

Համահիմնադիր  և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանն էլ ընդգծեց՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում զբաղվում են օրգանական խաղողագործությամբ․

«Երբ մենք առաջին անգամ տասը տարի առաջ սկսեցինք զբաղվել խաղողագործությամբ,  պտտվում էինք մի այգով, որտեղից մի շատ վատ հոտ եկավ, ես հարցրեցի՝ ինչ հոտ է, ասացին բուժում ենք խաղողը։ Ես միանշանակ հասկացա, որ եթե մենք ուզում ենք պատրաստել մի արտադրանք, որը պետք է տանք մեր երեխաներին, մեր ընկերներին, հյուրերին, դա չի կարող լինել թունավորված արտադրանք»։

Սաղաթելյանն ընգծեց՝ առաջ են գնում գրեթե հրաժարվելով բոլոր արհեստական պարարտանյութերից, արհեստական բուժող նյութերից և արդյունքում ստացվում է գինի, որն անցնում է Եվրոպական լավագույն լաբորատորիաներով և համարվել է նույնիսկ երեխայի համար ոչ թունավոր խմիչք։

Հովակիմ Սաղաթելյանի խոսքերով՝ արտադրվող օրգանական գինիների պահանջարկը արտադրվածից 3 անգամ ավելի շատ է, գնային սեգմենտը տատանվում է 6-8 եվրոյի սահմաններում։

Էկոգլոբ ընկերության կողմից հայկական օրգանական գինիներն արդեն ստացել են սերտիֆիկատ։ Ընկերության  սերտիֆիկացման գծով տնօրեն Նունե Դարբինյանն ընգծեց, որ այս ուղին պետք է ուսանելի լինի մյուս ընկերությունների համար ևս․

«Օրգանական գյուղատնտեսության ստանդարտը կարելի է համարել բնապահպանություն ստանդարտ գյուղատնտեսության մեջ»։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ամփոփելով հիմնադրամի գործունեությունը, ընդգծեց, որ աշխատել են մի շարք գինեգործական ընկերությունների հետ՝ օգնելով նրանց բարձրացնել գինիների որակը, և այդ գինիները ներկայացվել են տարբեր միջազգային հարթակներում՝ գրավելով մրցանակային տեղեր․

«Այս տարի բավականին ակտիվ հայկական գինիները ներկայացվել են միջազգային ցուցահանդեսներում, եթե համեմատականներ տանենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, արդեն իսկ ունենք արտահանման ծավալների աճ, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ նոր շուկաներ մուտք գործելու համար։ Յուրաքանչյուր նոր շուկա մուտք գործելուց հետո պետք է բավականին ակտիվ աշխատենք, որպեսզի չկորցնենք մեր դիրքերը»։

Հիմնադրամի տնօրենն ընդգծեց՝ այս տարի կանադական շուկա ենք մուտք գործել 4 նոր գինիներով, արտահանման ծավալներն ավելացել են նախնական մոտ 300 հազար լիտրով, բայց դրանց ծավալներն էլ ավելի աճում են Նոր տարվա մոտ օրերին։