Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133779
A A
Քաղաքականություն

Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, միայն Ծառուկյանի՞ն պետք է ստուգեն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Հայաստան է հրավիրել Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների հյուրանոցային ցանցերից մեկի սեփականատիրոջը, որպեսզի նրանք ներդրում կատարեն և խթանեն տնտեսական հեղափոխությանը, սակայն նրանց չի հաջողվել:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ վերջիններս հանդիպել են Երևանի քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին, բայց հանդիպումից 30 րոպե անց հիասթափված դուրս են եկել:

«Հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկացել է 2 հյուրանոց կառուցել Երևանի կենտրոնում, իսկ թագաժառանգը ցանկանում էր հիվանդանոց կառուցել իր հոր անունով, ընդ որում՝ անվճար, որ կարիքավորներն օգտվեին: Բայց հանդիպել են քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին, հանդիպումը տևել է կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և ներդրումների մասին մոռացել»,-պատմեց Գագիկ Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը չբացահայտեց, թե ի՞նչն էր պատճառը, որ ներդրողներին չի հաջողվել ներդրում կատարել, լրագրողներին առաջարկեց դիմել քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին՝ պատճառներն իմանալու համար:

Գագիկ Ծառուկյանը մեկ այլ դեպք էլ պատմեց, որ իր գործընկերներին չի հաջողվել Հայաստանում ներդրում կատարել: Իտալիայի, Գերմանիայի, Սիրիայի, Եգիպտոսի գործընկերները ցանկացել են Արարատի մարզում բամբակի արտադրամաս բացել, և 700 մլն դոլար ներդրում կատարել, բայց ըստ Գագիկ Ծառուկյանի՝ խոչընդոտներ են առաջացել:

«Մինչև այսօր պայմանագիր կնքած չէ, մարդիկ գնացել են հողերը վարելու, գյուղացին եկել ասել է՝ իմ հողն է, ես համաձայն չեմ, վարած հողերը տվել ենք հետ, ցանել ենք, եկել են ասել՝ մենք տեղյակ չենք: Հողերը աղակալված վիճակում են, դրա համար իմ գործընկերները հիասթափվել են… Միայն ինձնով չի լինում, ես ցանկանում եմ, որ իմ երկիրը լավ լինի, ներդրումները գան, ներդրումների համար ոչ թե պետությունն է պայմաններում ստեղծում, այլ ես իմ սեփականության հաշվին քայլեր եմ կատարում, ոչ թե դատարկ-դատարկ խոսում եմ: Ցանկացած խոսքիս տակ իմաստ ու ճշմարտություն կա»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե երբևէ դեպք եղե՞լ է, երբ իշխանությունը նրա առջև պայման է դրել, որ նա նվիրատվություն կամ ինչ-որ հիմնադրամի գումար վճարի, և դրա փոխարեն նրան «լավ աչքով նայեն»:

«Իմանալով Ծառուկյանի քաշն ու հզորությունը, ոչ ոք ռիսկ չի անի այդպիսի բան ասել»,- ի պատասխան՝ ասաց Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե նախկին իշխանությո՞ւնն էլ նման պայման չի դրել, պարոն Ծառուկյանը կարճ պատասխանեց՝ ոչ մեկը:

Գագիկ Ծառուկյանը նաև հարց բարձրաձայնեց, թե այսօր բացի իրենից ո՞ւմ են ստուգում:

«Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից ստուգում են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, հո չեմ ասում մի ստուգեք, բայց ստուգելուն ձև ու չափ կա, այս երկրում մենակ Ծառուկյա՞նն է սեփականատեր: Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ Ծառուկյանի՞ն պետք է ստուգեն, իրենց ցավն էլ տանեմ, թող ստուգեն»,- եզրափակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը: