Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Դասադուլ արած ուսանողների նոյեմբեր ամսվա բացակայությունները չեն հաշվի» (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպեց մի խումբ ուսանողների հետ`  քննարկելու Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դառնալու շուրջ ստեղծված իրավիճակը։

Ուսանողները ռեկտորին խնդրեցին նաև գնահատել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը պրոֆեսորադասախոսական անձնակազմի  հետ տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում, քանի որ ուսանողները պնդում են, որ նախարարը բավարար հարգանքով չի վերբերվել պրոֆեսորադասախոսական կազմին։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արձագանքեց․

«Եղել է հանդիպում, կա մի մասի դժգոհությունը, կա նաև նախարարի դժգոհությունը, պատառիկներով եմ նայել հանդիպումը, իմ տպավորությունը հետևյալն է՝ հանդիպման մի կողմի մասնակիցներին հաջողվեց նախարարին հունից հանել, իմ գնահատականը հիմա տալիս եմ այդ հանդիպմանը, ու չփորձեք ստանալ գնահատականի գնահատական, գնահատականի պարզաբանում, երկուստեք անհաջող հանդիպում էր»։

Ուսանողներից մեկը ռեկտորին հարց ուղղեց՝ հնարավո՞ր է, որ դասադուլներին իրենց մասնակցությունը ազդեցություն ունենա իրենց քննությունների կամ համալսարանը ավարտելու կամ չավարտելու վրա, քանի որ լուրեր են պտտվում, թե Արայիկ Հարությունյանն ասել է, թե դասադուլին մասնակցած ուսանողները չեն ավարտի համալսարանը։ Գեղամ Գևորգյանը վստահեցրեց, որ դա որևէ զդեցություն չի ունենալու, գնահատվելու է գիտելիքը։

Ուսանողներից մեկի դիտարկմանը, թե ռեկտորն ասում է՝ դասադուլը դասադուլ կլիներ այն ժամանակ, եթե պահանջը ԵՊՀ-ից լիներ, մինչդեռ նախարոդ տարի հեղափոխությանը մասնակցած ուսանողների պահանջը համալսարանի հետ կապ չուներ, ռեկտորը ասաց․

«Ես ցուցում կտամ, որ նոյեմբեր ամսին դասադուլ իրականացրած ուսանողների բացակայությունները չհաշվարկեն»։

Խոսելով առարկաների պարտադիր դասավանդման՝ մասին ռեկտորն ասաց․

«Եթե կրթական ծրագրում կա առարկա, դա պարտադիր է, որևէ մեկը չի կարող կազմել քիմիայի ֆակուլտետի ուսումնական ծրագիր առանց քիմիայի, դա անհնար է, այնպես որ չպետք է հակադրել մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաների պարտադիր լինելը միմյանց»։