Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խաչատուր Սուքիասյան
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

Գործարար Խաչատուր Սուքիասյանն Աբովյան քաղաքում մասնակցում էր ադամանդագործական ընկերության արտադրամասի բացմանը։

Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարիներ առաջ զրույց է ունեցել որոշ գործարարների հետ, որոնք ցանկացել են Հայաստանում գործարան հիմնել։

«Բոլորն ուզեցել են փայ մտնել, բոլորը։ Որ դուռը գնացել են, ուզեցել են խոսեն, պայմանավորվեն, որ գան Հայաստանի Հանրապետությունում նույն գործով զբաղվեն»,- ասաց Սուքիասյանը, սակայն հրաժարվեց անուններ նշել։ 

Գործարարը համաձայն չէ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի այն պնդման հետ, թե Հայաստանում ներդրումների համար դեռևս բարենպաստ պայմաններ չկան․

«Ես իմ կարծիքն ունեմ, պարոն Ծառուկյանն իր կարծիքն ունի։ Եթե պարոն Ծառուկյանն ասում է՝ խնդիրներ կան, պետք է այդ խնդիրներով զբաղվել, որ այդ խնդիրները չլինեն։ Ես պետք է իմանամ՝ խոսքը որ ճյուղերի մասին է, խոսքը կոնկրետ որ թեմաների մասին է»։

Սուքիասյանն ասաց, որ եթե խոսքը այն մասին է, թե հողի կատեգորիա պետք է փոխվի, դա արդեն ուրիշ ինստիտուտ է, և նա այն կարծիքին չէ, թե գործարարներն օրենքից դուրս խնդիրներ են ունենում։ Ըստ գործարարի՝ եթե կոռուպցիան վերացած է, հավասար պայմաններ կան, հակամենաշնորհային գործիքները գործում են, արդեն իսկ տնտեսական հեղափոխություն է։  

«Այն ազատությունը, որ արդեն կա, ուղղակի մարդիկ պետք է դրանում համոզվեն և սկսեն խոշոր ներդրումներ անել։ Եվ մի բան ասեմ․ ՀՀ-ն, չմտածեք, որ  Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Ճապոնիայի նման մեծ ներդրումներ ունենա։ Այստեղ պետք է բազմազան ներդրումներ լինեն, որովհետև դաշտը շատ ազատ է, որովհետև շատ ծառայություններ, շատ արտադրություններ դեռ Հայաստանում չկան։ Ինչպես որ սա՝ կտեսնեք և կհամոզվեք, որ նոր սկսում են այս որակի արտադրություններ»,- ընդգծեց Խաչատուր Սուքիասյանը։ 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին՝ գործարարն ասաց, որ Սերժ Սարգսյանը նույնպես դրական գործել է՝ ունեցել ենք Սահմանադրություն, ինչ-որ սահմաններ պահել է, սակայն, ըստ նրա, Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել։ 

«Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է իր փեսայի, իր չգիտեմ ում համար։ Սերժ Սարգսյանին շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակ։ Եթե Սերժ Սարգսյանն ինձանից գործարան է խլել, ես չեմ կարծում՝ իր հետ լավ հարաբերություններ եմ ունեցել»,- շարունակեց գործարարը։

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ Սուքիասյանն ասաց, որ նախկինում ասել է, որ ոչ թե լավ հարաբերություններ է ունեցել Սարգսյանի, հետ այլ՝ բարի-դրացիական։

Տեսանյութը՝ News.am-ի