Բացել լրահոսը Փակել լրահոսը
78335664_1025963127747370_4959965964432048128_n
A A
Հասարակություն

«Օրենքը իրավիճակի փոփոխության չի բերում, քանի որ ստեղծված չեն կիրառման մեխանիզմներ»

 Հաշմանդամություն ունեցող անձը պետք է զգա, որ իր կյանքում դրական փոփոխություններ են տեղի ունեցել, նա պետք է կարողանա աշխատել, մշակութային և ժամանցի վայրեր այցելել։ Բայց մինչ օրս խնդիրները առկա են, և բյուրոկրատական քաշքշուքը չի վերանում, ասում է հաշմանդամության անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը։

«Հիմա 2 օրենքի նախագիծ է մշակվում, մեկը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին մայր օրենքն է, որի 10-րդ հոբելյանը շուտով  կնշենք, որ պետք է ընդունվեր, բայց չի ընդունվում»։

Արմեն Ալավերդյանը նշում է, որ լավատես է, որ նոր նախագծեր են մշակվում, սակայն զգուշավոր է, որովհետև «օրենքը չի բերում իրավիճակի փոփոխության, քանի որ դեռևս ստեղծված չեն կիրառման մեխանիզմներ, որպեսզի չկիրառելու դեպքում պատասխանատվություն ենթարկվեն»։ 

«Նույնիսկ այս շենքը, որ կոչվում է  Մամուլի շենք, պետք է ոչ մի մարդու համար խոչընդոտ չհանդիսանա՝ և՛ հաշմանդամության խնդիր ունեցողի, և՛ մանկահասակ երեխայի սայլակի, և՛ մեծահասակների համար։ Կան աստիճաններ, կարելի էր թեքահարթակ կառուցել, որը մի քանի հարյուր հազարի պատմություն է։  Ծիծաղելի կլինի, որ նմանատիպ շենքերում հարց բարձրացնեմ, թե արդյոք ունե՞ք համապատասխան սանհանգույց»․ ընդգծեց նա։

Արմեն Ալավերդյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրներին, նշեց՝ 2005 թվականին «Ունիսոն»-ը ստեղծել է հաշմանդամության կենտրոն և 100-ավոր մարդիկ պետական և մասնավոր հիմնարկներում ընդունվել են աշխատանքի։ Սակայն այս տարի նրանք զրկվել են սուբսիդիայից, և հիմա աշխատում են փոքր խմբով։ Նրա խոսքով ՝ թեև չունեն աջակցություն, սակայն այս տարի 12 անձի օգնել են աշխատանք գտնել։

«Եթե լիներ պաշտոնական տեղեկատվություն, ես կասեի։ Ես իմացել եմ ներքին աղբյուրներից, որ որոշվել է կնքել պայմանագրեր բոլոր նմանատիպ ՀԿ ների հետ, որոնք իրոք կարևոր են, բացի մեզնից։ Բայց ինչն է պատճառը, ես չեմ կարող ասել։ Զգացվեց ոչ կարևորվելը պետության կողմից, ինչը ինձ համար շատ ցավալի է»։