Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Telefonica-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ. նախագահ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում խոշորագույնններից մեկը համարվող՝ իսպանական Telefonica ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անխել Վիլա Բոյի հետ։

Telefonica-ն ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետի և տվյալների փոխանցման, պահպանության ծառայություններ է մատուցում 24 երկրում և ունի ավելի քան 350 միլիոն հաճախորդ։Զրուցակիցները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները և հնարավորությունները՝ նշելով, որ մեր երկիրը նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջ է ընթանում հաստատուն քայլերով։

Telefonica ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ կուսումնասիրեն Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները մասնավորապես ամպային (cloud) տեխնոլոգիաների ոլորտում և առաջիկայում կներկայացնեն իրենց առաջարկությունները։