Բացել լրահոսը Փակել լրահոսը
միհրան
A A
Քաղաքականություն

Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն 2019 թվականի ապրիլի 21-ին ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել էր: Իրավապահները նրան հայտնաբերել էին ՌԴ Կարելիայի Հանրապետությունում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ՌԴ դատախազության միջնորդությունը Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

 Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: