Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում ՍԴ դատավորներին՝ իրենց պաշտոնները թողնելու համար․ Ն․ Զոհրաբյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անընդունելի է համարում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծը։

«Ըստ էության՝ հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում մարդկանց իրենց պաշտոնները թողնելու համար, նրանք, ովքեր կհամաձայնեն լքել իրենց պաշտոնները, պետք է շատ լավ մտածեն, որ հաջորդ իշխանության ժամանակ իրենք ոչ միայն վերադարձնելու են այն գումարը, որոնց դիմաց չեն աշխատել, այլև ամենայն հավանականությամբ ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանը հավելեց նաև, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը իշխանությունը իրավական ճանապարհով չի կարողանում լուծել և փորձում է այս տարբերակով լուծել։

«Ես մի բան գիտեմ, որն աքսիոմա է, մարդը պետք է վարձատրվի իր կատարած աշխատանքի համար»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում գործադիրը հավանություն է տվել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին, որի համաձայն՝ եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: