Քոչարյանի եւ մյուսների գործով նիստն ընդմիջվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը, անդրադառնալով Ռ. Քոչարյանի փաստաբանների կողմից իր դեմ ներկայացված բացարկի միջնորդության այն հիմքին, որ ինքը 2018 թվականին Աժ-ի ելույթում ասել է, որ Մարտի մեկի գործի հետ կապված՝ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր չկան, պարզաբանեց.
«Ես ասել եմ , որ որևէ անձի քրեական գործով հարցաքննելը որպես վկա չպետք է լինի ինքնանպատակ: Ես շեշտադրել եմ, որ քննության ներկա փուլում հիմքերը բացակայում են, քանի որ նախաքննություն է իրականացվում: Ես՝ որպես դատախազ, պարտավոր եմ իմ դիրքորոշումը ներկայացնել՝ փաստական տվյալների վրա հիմնվելով, անկախ նրանից, թե դա ում կարող է դուր գալ, ում՝ ոչ: Փաստաբանները միջնորդություն են ներկայացնում միակողմանի, սակայն ես կողմնակալ չեմ եղել և դիրքորոշում չեմ արտահայտել, որը փաստական հիմքերի վրա առկա չի եղել: Ես գտնում եմ, որ բացարկի միջնորդությունը անհիմն է»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր, ժամը 17:45-ին։