«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին ներկայացվել է 17 հայտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական նորարարական մրցույթի մանրամասները։ Մրցույթին մասնակցելու համար այս տարի ներկայացվել է 17 հայտ։
Փոխնախարարը նշեց՝ 2017 թվականից ի վեր անցկացվող մրցույթը նպատակ ունի զարգացնելու նորարարական մտածողությունը, Հանրապետությունում սոցիալ-տնտեսական կյանքին, մշակութային կյանքին երիտասարդների ներգրավվածությունը ապահովելու համար։
Լոռեցյանը տեղեկացրեց նաև, որ մրցույթը նախատեսված է 16-35 տարեկան երիտասարդների համար, և մասնակցելու հնարավորություն են ունեցել երիտասարդներ և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից․
«Ծրագրի հիմանական խնդիրներն են երիտասարդության շրջանում գյուտարարության, նորարարության խթանումը և զարգացումը, սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի ներկայացման ու իրականացման համար առաջնային հարթակի տրամադրումը, նաև երիտասարդների փոխադարձ պատասխանատվության զարգացումը»։
Փոխնախարարը տեղեկացրեց՝ մասնակիցներն իրենց գաղափարները կներկայացնեն դեկտեմբերի 9-ին․
«Սա շատ կարևոր մրցույթ է այն առումով, որ երիտասարդները, ովքեր չունեն որոշակի փորձառություն ծրագրեր կազմելու, ավելի ֆորմալ ծրագրերի դիմելու, դրամաշնորհներ ստանալու համար, բայց նաև ցանկանում են ի լուր աշխարհի հայտնել իրենց իդեաների մասին, կարող են դիմել այս ծրագրին փորձագիտական գնահատականներ ստանալու, ճանաչվելու համար։ Դա նախ և առաջ նրանց թույլ է տալիս գնահատել սեփական մտահղացման որակական մասը և հետագա իրագործման հնարավորությունները»։
Մրցույթին ծրագրեր ներկայացվել են մի քանի անվանակարգերում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիալական գիտություններ։
Թե ինչու է «100 գաղափար Հայաստանի համար» անվանմամբ մրցույթին ներկայացվել 17 հայտ, փոխնախարարն ասում է՝ անվանումը տրված չէ նրա համար, որ պետք է ներկայացված լինի հենց 100 հայտ, քանակական սահմանափակումներ չեն դրվել, ծրագիրը բաց է բոլորի համար, իսկ անվանումն ընտրված է ժողովրդական լեզվով․
Նախորդ տարի ևս հայտերի քանակը գրեթե նույնքան է եղել, փոխնախարարը կարծում է՝ դիմողները համեմատաբար քիչ են, որովհետև ծրագրի վերջնանպատակը պարզ չէ դիմողների համար, մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ են ստանալու այս ծրագրից,-նշում է նա, բայց նաև վստահեցնում է՝ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է երիտասարդության շրջանում․
«Այս մրցույթը գաղափարների ներկայացման մրցույթ է, և մենք ընտրում ենք լավագույն գաղափարները»։
Նախորդ տարիներին եղել են ծրագրեր, որոնք հետաքրքրություն են առաջացրել տարբեր գերատեսչությունների մոտ, եղել են համագործակցություններ։