ԱԱԾ աշխատակիցները փաստաբանական գրասենյակում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային անվտանգության ծառայության քննիչը և մեկ օպերատիվ աշխատող այս պահին «HSH Consultung» փաստաբանական գրասենյակում են և ցանկանում են առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի և Շուշանիկ Թադևոսյանին 2 համակարգիչը:
Այստեղ էին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը, Փաստաբաններ Գուրգեն Գրիգորյանը, Երվանդ Վարոսյանը, որը Չամսարյանի և Թադևոսյանի ներկայացուցիչն է, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ, փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը, Սիրանուշ Սահակյանը և այլք։
Հովհաննես Չամսարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ քննիչը պատճառաբանել է, որ ինչ-որ քրեական գործով իր վստահորդի հետ է կապված։
«Ներկայացրել են դատարանի որոշում, որի հիման վրա ցանկանում են գրասենյակում խուզարկություն իրականացնել և առգրավել գրասենյակում գտնվող համակարգիչները, որոնց մեջ, ըստ իրենց, պարունակում են տեղեկություններ, որոնք կարող են գործի վերաբերյալ նշանակություն ունենալ», - նշեց նա։
Փաստաբանն ասաց, որ համակարգչում առկա են փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ, իսկ փաստաբանական գաղտնիությունը պաշտպանված է ներպետական և միջազգային օրենքներով։
Նա ասաց նաև, որ դատարանի որոշման մեջ առկա է վերապահում, որը կապված է փաստաբանական գաղտնիության հետ իսկ որոշումը ենթակա է բողոքարկման։
Երվանդ Վարոսյանն ասաց, որ դեպքի մասին իմացել է Չամսարյանի և եկել այստեղ։ Փաստաբանն ապօրինի է համարում քննիչի գործողությունները, և եկել են այստեղ՝ կանխելու դա։ «Մեզ այդպես էլ չի տրամադրվում դատարանի որոշումն անհասկանալի պատճառով», - ընդգծեց նա։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նույնպես հղում կատարեց փաստաբանական գաղտնիության մասին օրենքին։ Զոհրաբյանն ասաց, որ հարցը բարձրացրել են պետական բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, սակայն անուններ չնշեց։
ԱԱԾ քննիչը հրաժարվեց մեկնաբանություններ տալ իր գործողությունների վերաբերյալ։
Որոշ ժամանակ անց Վարոսյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայնության են եկել, և համակարգիչները չեն տարվի։
Այժմ ԱԱԾ աշխատակիցները գրասենյակում են և արձանագրություն են կազմում։