Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահի հետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։

 

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։

 

Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝ երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համատեքստում, ինչի համար ձևավորվել են լավ հիմքեր։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ընթացիկ տարում տնտեսական կապերի զարգացման լավ դինամիկան, ինչի մասին են վկայում իտալական կապիտալի ներգրավվածության ընդլայնումը մեր երկրում, երկկողմ առևտրաշրջանառության աճը, նաև 2020 թ. հունվարից Երևան-Միլան-Հռոմ չվերթների գործարկումը, որը կնպաստի զբոսաշրջային և բիզնես կապերի զարգացմանը։

 

Կարլո Ֆերոն ողջունել է ՀՀ վարչապետի այցն Իտալիա և նշել, որ իտալական կողմը բավական հետաքրքրված է Հայաստանի հետ գործարար համագործակցության զարգացմամբ, տպավորված է բիզնեսի ոլորտում արձանագրվող աճով և պատրաստ է քննարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը՝ նշելով, որ այն մասնագիտացած է իտալական ընկերությունների միջազգային գործունեությունը խթանելու գործում։ Նա արդյունավետ է համարել այս տարվա հունիսին Երևանում և երեկ Միլանում հայ-իտալական գործարար համաժողովների անցկացումը և առաջարկել քննարկել ֆորումների արդյունքների կապիտալիզացման հնարավորությունը։

 

Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները հետաքրքրական են համարել զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, գյուղատնտեսության, ագրոտուրիզմի ոլորտներում համատեղ ծրագրերը և մտքեր փոխանակել դրանց իրականացման հեռանկարների շուրջ։ Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշներին համահունչ տնտեսական և օրենսդրական միջավայրի ձևավորումն է և դեպի եվրասիական շուկա ազատ, անսահմանափակ մուտքի ապահովումը, ներկայացրել այդ ուղղությամբ արվող քայլերը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կարլո Ֆերոյին համագործակցելու պատրաստակամության համար, առաջարկել նրան Հայաստանում առկա հնարավորությունները ներկայացնել իտալական ներդրողներին, ինչպես նաև հրավիրել Հայաստան՝ տեղում ծանոթանալու երկրին և առկա հնարավորություններին։ 

 

Երկուստեք կարևորվել է զբոսաշրջային բիզնեսում ներգրավված ՓՄՁ-ների միջև փորձի փոխանակումը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագա անելիքների և կոնկրետ ծրագրերի շուրջ քննարկումները շարունակել Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների և Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության մակարդակով։

 

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական «Corriere della Sera» oրաթերթին։



***



Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտը՝ ICE-ը, պետական գործակալություն է, որն իր արտերկրյա մասնաճյուղերի միջոցով աջակցում է աշխարհում իտալական ընկերությունների բիզնես գործունեության զարգացմանը և Իտալիայում արտաքին ներդրումների ներգրավմանը։ ICE-ը խորհրդատվական, տեղեկատվական, հաղորդակցական, մասնագիտական թրեյնինգային օժանդակություն է տրամադրում Իտալիայի փոքր և միջին ձեռնարկություններին։