Բացել լրահոսը Փակել լրահոսը
Без названия
A A
Քաղաքականություն

Հայ լրագրողների այցը Բաքու կայացա՞վ․ ո՛չ հաստատում են, ո՛չ հերքում

Տեղի ունեցա՞վ արդյոք հայ լրագրողների այցը Բաքու։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը գրել էր, որ  նոյեմբերի 17-ին նախատեսված է մի խումբ հայաստանցի լրագրողների այցն Ադրբեջան և հետո հակառակն՝ ադրբեջանական կողմից։ 

«Լրագրողների այցերի փոխանակումը նախատեսված է եղել պետությունների ղեկավարների մակարդակում ընդունված պայմանավորվածություններով՝ փոխադարձ վստահության ձևավորմանն ուղղված մարդասիրական միջոցառումների շրջանակներում» ,- գրել էր լրատվական գործակալությունը:

«Ա1+»-ը տեղեկատվություն ստանալու համար կրկին խոսեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Դիտարկմանը, թե փոխայցելությունների վերաբերյալ իմանում ենք ադրբեջանական մամուլից և հարցին, թե որևէ տեղեկություն կարո՞ղ է տրամադրել, Աննա Նաղդալյանը պատասխանեց․ «Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում եմ այդ ծրագիրը և տեղեկատվությունը։ Եվ անփոփոխ է մնալու մեր դիրքորոշումը»։

«Ո՛չ հաստատում, ո՛չ հերքում եմ» պատասխանը տվեց նաև Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը։ «Ավել բան չեմ կարող ասել։ Չեք կարող համոզել, որ ավել բան ասեմ»,- եզրափակեց ԱԳՆ խոսնակը՝ մեր ջանքերին ի պատասխան։

Թեմայի հետ կապված զրուցեցինք նաև ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ և հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Արցախից լրագրող եղել է այցելողների մեջ։ «Ճիշտն ասած չգիտեմ, այդպիսի ինչ-որ խոսակցություններ կան։ Եթե նման բան լինի, իհարկե, դուք տեղեկանալու եք։ Այս պահի դրությամբ որևէ բան չեմ կարող ասել։ Չեմ կարող հիմա հստակ տեղեկություն ասել, բայց մի քանի օր հետո տեսնենք, կխոսենք»,- ասաց խոսնակը։

«Թուրան»-ը գրել էր նաև, որ այդ շրջանակներում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման շուրջ։ Այս կապակցությամբ Բաբայանն ասաց, որ գերիների փոխանակումից երբևէ չեն խուսափել, և դա ճիշտ մոտեցում է։

 «Ընդհանրապես եթե հակառակ կողմը գերի չունի, մյուս կողմը չպետք է պահի այդ գերիներին իր մոտ, որովհետև դա և՛ միջազգային իրավունքի, և՛ մարդասիրության խախտում է։ Բայց դա չի նշանակում, որ փոխանակումը կարող է տեղի ունենալ Շուշիի բերդում իրենց պատիժը կրող երկու ահաբեկչի հետ (Շահբազ Գուլիևը (22 տարի) և Դիլհամ Ասկերովը (ցմահ՝ դիվերսիայի ընթացքում 17-ամյա Սմբատ Ցականյանին է սպանել) – հեղ․)։ Ադրբեջանը միշտ շեշտը նրանց վրա է դնում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։ 

ԱՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ ահաբեկիչների հետ փոխանակման հնարավորության հարցը փակված է․ «Մենք ահաբեկիչներին և մարդասպաններին չեն փոխանակում։ Դա նույնն է, թե Ռամիլ Սաֆարովին փոխարինեինք (սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին - հեղ․), եթե նա Երևանում լիներ»։

Փոխայցելությունների վերաբերյալ մենք փորձեցինք տեղեկություն ստանալ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, լրագրող Գեղամ Բաղդասարյանից։ «Այդ այցելությունները, կարծես թե, ոչ այդքան հրապարակային են։ Տեղյակ չեմ մանրամասներին, ԱԳՆ-ին դիմեք»։ 

Արցախի Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Արցախի լրագրող եղել է Ադրբեջան այցելողների մեջ, նա պատասխանեց, որ տեղյակ չէ։ «Ինձ կոնկրետ բան չեն ասել։ Տեղյակ չեմ։ Գուցե վաղն ինչ-որ բան իմացվի»,- եզրափակեց  նա։ 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասաց, որ տեղեկություն չունի փոխայցելությունների վերաբերյալ, իսկ դրանց գաղտնիությունը պայմանավորված է լինում անվտանգության նկատառումներով։ 

«Մենք էլ էինք նույն ժամանակ, որ 2000-ականներին այցելություններ էինք անում, էլի ոչ մի բան չէինք հրապարակում։ Մի անգամ որպես պատգամավոր եղել եմ Ադրբեջանում։ Ամբողջ օրը մի ցույց այնտեղ, մի ցույց մեկ այլ տեղ, թիկնապահները հսկում էին անվտանգությունից նկատառումներից ելնելով։ Անվտանգության խնդիր է ուղղակի»,- նշեց Պողոսյանը։

Կենտրոնի ղեկավարը հերքեց նաև «Թուրան»-ի տարածած այն տեղեկությունը, թե ինքն ասել է, որ յուրաքանչյուր կողմում ծրագրին մասնակցում են 3-ական լրագրող։