Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133552
A A
Հասարակություն

«Չկա ռիսկայնության գնահատման հստակ մեխանիզմ»․ ինքնասպանությունների դեպքերը՝ ՔԿՀ-ներում (տեսանյութ)

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել էր ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված Սարգիս Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանն ասաց, որ մահվան դեպքի մանրամասներին ծանոթանալու համար այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ։
 
«Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ուսումնասիրեցին հանգամանքները, զրուցեցին մի խումբ դատապարտյալների հետ, մահացածի անձնական գործից քաղվածքներ վերցրեցին, փաստաթղթեր։ Բոլոր տեղեկությունները, որ մենք ստացել ենք, այժմ ամփոփման փուլում են», - նշեց նա։ 
 
ՄԻՊ ներկայացուցիչն ասաց, որ թեև պաշտպանի գրասենյակն իրավասու չէ միջամտել կոնկրետ քրեական գործի ընթացքին, բայց առանց միջամտելու տեղեկություններ են պահանջում գործի, օրինակ՝ դրա կարճման, դատաքննությունը շարունակելու, կամ այլ դատարան ուղարկելու վերաբերյալ։
 
Գոհար Սիմոնյանը նշեց, որ 2017 թվականին ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 17 դեպք, 2018-ին՝ 8, որից 2-ն ինքնասպանություն, 2019-ի տարեվերջին կհրապարակվեն այս տարվա տվյալները, և արդեն մահվան դեպքերի աճ է գրանցվել։ Համակարգային խնդիրները ՔԿՀ-ներում, ըստ նրա, առավելապես վերաբերում են կանխարգելմանը. մարմինների կողմից ռազմավարության և ընթացակարգերի բացակայություն, ըստ միջազգային և ՀՀ ՄԻՊ չափանիշների կան անձանց խմբեր, որոնց ինքնասպանություների ռիսկայնությունը բարձր է (երիտասարդներ, անչափահասների, ովքեր չեն ակնկալել, թե ինչի հետ են բախվելու, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիրներ), չկա ինքնասպանության ռիսկայնության գնահատման հստակ մեխանիզմ, կալանավորի ընդունման պահին սահմանափակվում են նրա ֆիզիկական բժշկական զննությամբ։
 
 
Ըստ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի՝ քրեակատարողական հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինքնասպանության ձևերը գրեթե նույնն են՝ կախման միջոցով են կատարվում։
 
«Ինչպես ՄԻՊ ներկայացուցիչը նշեց, նույն հոգեբույժների պակաս, ռիսկայնության գնահատում, անձանց հետ որևիցե աշխատանք չի կատարվում։ Եվ ընդհանուր առմամբ, որ մենք ուսումնասիրում ենք, ամենառիսկայինը «Արմավիր» ՔԿՀ-ն է», - ընդգծեց փաստաբանը։
 
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ իմանալով մահվան դեպքի մասին՝ անմիջապես Արդարադատության նախարարության թեժ գիծ է զանգահարել և պարզել, որ այն շաբաթ և կիրակի օրերին չի աշխատում։ 
 
«Սա ինձ ուղղակի ապշեցրեց։ Այսինքն՝ մենք ունենք վիճակագրություն, որ դեպքերը տեղի են ունենում ուրբաթ երեկոյի սկսած կիրակի գիշերը ներառյալ։ Ո՞ւմ է պետք թեժ գիծը, եթե շաբաթ-կիրակի չի աշխատում։ Դիտորդական խումբը ևս չէր պատասխանում զանգերին, և ես ստիպված էի հրապարակել», - նշեց իրավապաշտպանը։
 
Նա ասաց, որ հսկիչները, ՔԿՀ աշխատակիցներն են սովորաբար բռնություն գործադրում կալանավորների նկատմամբ։ Սպանության դեպքերը, ինչպես բանակում, զորամասերում, այնպես էլ ՔԿՀ-ներում, ըստ Ժաննա Ալեքսանյանի, որակվում են որպես ինքնասպանություն։