Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Ավագ դպրոցն իր դերակատարությունը չի իրականացնում, նախ պետք է այդ հարցով զբաղվել. բանասիրության դոկտոր.

Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ նախարարության շենքում այսօր հանդիպեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, Բանասիրության դոկտոր Յուրի Ավետիսյանը հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

Ավետիսյանն ասաց, որ քննարկումը փոխշահավետ էր և իրենց որոշ դիտարկումներ հաշվի են առնվել նախարարության կողմից։

«Դա վերաբերվում է նաև բուհերի կառավարման համակարգին։ Ինչպես լսեցիք՝ դեկանները, ըստ նախագծի նոր տարբերակի, նախատեսվում է ոչ թե ռեկտորի կողմից նշանակում, այլ՝ ընտրություն։ Դա լուրջ առաջընթաց քայլ է»,- ասաց պրոֆեսորը։

Ինչ վերաբերվում է դասախոսների և ակադեմիական խորհրդի հետ լեզու գտնելուն՝ բանասիրության դոկտորն ասաց, որ կփորձեն, սակայն չի կարծում, որ սա կբավարարի իրենց այն խմբի առաջադրած պահանջները, որոնցով հանդես եկան։

«Որովհետև մնում եմ այն կարծիքին, որ Հայոց լեզվի դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում, առայժմ գոնե, մինչև որ մենք ունենանք բավարար չափով համակարգված կրթություն։ Այսինքն՝ դպրոցը, ավագ դպրոցը կկատարի իր դերը և մենք հնարավորություն կունենանք արդեն բուհում մտածելու մեր խնդիրների մասին»,- ընդգծեց բանասերը։

Ավետիսյանի կարծիքով՝ հանրակրթության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ, որոնց մասին առաջնահերթ պետք է մտածվի, պետք է կարգի բերվի ավագ դպրոցը։ «Ավագ դպրոցն իր դերակատարությունը չի իրականացնում և նախ պետք է այդ հարցով զբաղվել և հետո անդրադառնալ բուհում դասավանդվող հայոց լեզվին և հայոց պատմությանը»,- շարունակեց ամբիոնի վարիչը։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք մինչև 2022 թվականին օրինագծի ուժի մեջ մտնելը, տարիները բավարա՞ր չեն լինի ավագ դպրոցներում փոփոխությունների համար, պրոֆեսորը պատասխանեց, որ դրա համար պետք է լուրջ և գործնական քայլեր կատարվեն, ինչը տեսանելի չէ․ «Երկու տարի է կամ 1,5 տարի է արդեն կարող էին արդեն փոփոխված լինել դպրոցական ծրագրերը կամ սեղանին դրված լինեին մասնագետների չափորոշիչները, որ մտածեինք նոր դասագրքերի մասին։ Մի տեսակ հապաղում է, ուշանում է»։ 

Ըստ նրա՝ փոփոխությունները նախ պետք է ուղղված լինեին հանրակրթությանը։