Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դա վարչապետի բացառիկ իրավասությունների շրջանակում է․ Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին (տեսանյութ)

Ազգային ժողովում տեղի է ունենում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում չասաց, թե ով է այսօր հրավիրվել նիստին, սակայն նշեց, որ նիստից հետո լրագրողների հետ զրույցում մանրամասներ կներկայացնի։

Լրագրողները հետաքրքրվեցին Անդրանիկ Քոչարյանից, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Մովսես Հակոբյանի, գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ Կամո Քոչունցի և տեղակալ Վաչագան Ներսեսյանի հեռացումները:

«Սա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել, և վարչապետը նման որոշում է կայացրել, դա նրա բացառիկ իրավասությունների շրջանակում է»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Մովսես Հակոբյանն այն պաշտոնյաներից էր, որը նախկին իշխանության հետ էր ասոցացվում՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նա նախկինի նախկին էլ է եղել:

«Ընդհանրապես մեր զինվորականները ծառայություն մատուցել են բոլոր իշխանությունների ժամանակ: Ուրիշ բան, որ տարբեր ժամանակաշրջանում մեր զինվորականության նկատմամբ եղել է ուրիշ վերաբերմունք, որովհետեւ եղել է իշխանություն, որը մեր բանակին հասցրել է մեծ վնաս՝ նրանց օգտագործելով ներքաղաքական խնդիրների մեջ, ինչպիսին եղել է Մարտի 1-ը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ Մովսես Հակոբյանը եղել է լեգենդար հրամանատարներից մեկի՝ Մոնթե Մելքոնյանի՝ Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետը։