Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020. Պորտուգալիան՝ եզրափակիչ փուլի 17-րդ մասնակից

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում կայացան վերջին՝ 10-րդ տուրի առաջին հանդիպումները:

Մրցաշարի եզրափակիչ փուլի թվով 17-րդ ուղեգիրը նվաճեց աշխարհամասի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը, որը արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին և գրավեց 2-րդ տեղը: Պորտուգալացիներին հետապնդող Սերբիայի ընտրանին իր հարկի տակ ոչ-ոքի խաղաց խմբի հաղթող Ուկրաինայի հետ՝ 2:2:

A խմբում Անգլիայի ընտրանին հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց Կոսովոյի թիմին և գրավեց առաջին տեղը: Երկրորդ տեղով Եվրո-2020 եզրափակիչ փուլ մտած Չեխիայի ընտրանին Բուլղարիայում կրեց իր թվով երրորդ պարտությունը՝ 0:1:

H խմբում առաջին տեղը գրավեց Ֆրանսիան, որը Ալբանիայում 2:0 հաշվով վստահ հաղթեց այդ երկրի ազգային թիմին: Աշխարհի գործող չեմպիոնից երկու միավորով ետ մնաց Թուրքիայի ընտրանին, որը խնդիրներ չունեցավ Անդորայի հետ արտագնա մրցախաղում՝ 2:0: Երրորդ տեղը գրվեց Իսլանդիան, որը վերջին խաղում 2:1 հաշվով հաղթեց Մոլդովային:

Այսօր տեղի կունենան 10-րդ տուրի հերթական հանդիպումները: D խմբի երկու ուղեգերի համար կպայքարեն երեք թիմեր՝ Դանիան, Շվեյցարիան և Իռլանդիան: Դանիացիներին ու շվեյցարացիներին ձեռք է տալիս անգամ ոչ-ոքի արդյունքը, իսկ ահա իռլանդացիներին անհրաժեշտ է անպայման հաղթանակ տանել: