Բացել լրահոսը Փակել լրահոսը
75594389_781874645604373_2077221865687875584_n
A A
Հասարակություն

«Ունենք մեր պայմանները»․ ակցիայի մասնակիցները՝ նախարարության հայտարարության մասին (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարությունն այսօր հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի նոր տարբերակի վերաբերյալ պատրաստվում է քննարկումների գնալ շահագրգիռ բոլոր կողմերի հետ։

Արդեն մի քանի օր է՝ նախարարության շենքի դիմաց նստացույց են անում ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները։

ՀԵՄ անդամ Ստելա Հունանյանը, անդրադառնալով ԿԳՄՍ հայտարարությանը, նշեց, որ հարցը միայն օրենքի նախագիծը չէ, և այսօր իրենք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը մեկ տարուց ավել տևած ձախողված քաղաքականության պատճառով․

«Մեր աչքի առաջ փաստացի տվյալներ կան, որ կրթական քաղաքականությունը արդեն իսկ ձախողվել է, և չենք պատրաստվում այլևս վտանգի տակ դնել, քանի որ համոզված ենք, որ հետագա աշխատանքի ընթացքում էլ նմանատիպ խախտումներ և թերացումներ լինելու են, այդ պատճառով մեր արդարացի պահանջն է, որ այլևս կարմիր գծեր չհատվեն»։

Ակցիայի մասնակիցը վստահեցրեց, որ շարունակելու են պնդել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը։

«Մենք ընդունում ենք նախարարի առաջարկը՝ բանակցելու մասով, բայց ունենք մեր պայմանները, ինչպես նախարարն ունի իր պայմանները»,- անդրադառնալով նախարարության հայտարարությանը՝ արձագանքեց ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը․

«Քանի որ պրոֆեսորադասախոսական անձնակազմը նաև մեր հորդորով է մեկօրյա գործադուլ սկսել, ուզում եմ՝ նկատի ունենան, որ մենք պահանջելու ենք, որ նախարարի հետ հանդիպման գնացող  կազմը չլինի 25-30 հոգուց պակաս։ Ուսանողների հետ հանդիպման մասով ասեմ, որ մենք չենք պատրաստվում գնալ 3-4 հոգով, հանդիպմանը պետք է լինեն մեր նախաձեռնության բոլոր անդամները, ղեկավարները՝ և՛ Բանասիրականից,  և՛ ՀՅԴ ՀԵՄ-ից»։

Ի՞նչ արդյունք կտա նախարարի հետ հանդիպումը․ ակցիայի մասնակիցն ասում է․

«Չեմ կարծում, որ դադարենք հրաժարականը պահանջել, բայց եթե ստանանք շոշափելի երաշխիքներ, եթե նախարարը կարողանա մեզ համոզել, որ հետագայում նման բան չի անի, արդեն մենք դրա շուրջ կմտածենք»։