Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Օրենքով գողերի կամ զոն նայողների ինստիտուտը բոլոր քրեակատարողական հիմնարկներում կա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Մեզ մոտ իշխանությունները միշտ համարել են, որ իրենց թիմի իշխանությունն են, նաև իրենց հակառակորդների իշխանությունն են։ Հիմա տպավորությունն այնպիսին է, որ հեղափոխական իշխանությունն իրեն համարում է հեղափոխական զանգվածների իշխանությունը։ Տպավորություն ունեմ, որ իշխանությունները գործում են հանուն իրենց թիմի։ Եվ մեր իշխանությունները սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյանը չեն գիտակցում, որ ամբողջ Հայաստանի իշխանությունն են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիկ Իշխանյանը՝ անդրադառնալով գործող իշխանությունների քաղաքականությանը։

Իրավապաշտպանը խոսեց նաև իշխանությունների կողմից խոստացված, բայց դեռևս չիրականաված անցումային արդարադատությանը։ Նրա խոսքերով այդ ինստիտուտի նպատակը ոչ թե հաշվեհարդարը, այլև հաշտությունը պետք է լինի։ «Հատկապես մեր դեպքում, որ շատ զայրացած հասարակություն ունենք, ինչը միջազգային սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին։ Հասարակության մեջ հաշտություն հաստատելը բավականին բարդ բան է, որ հանկարծ հանցագործությունների բացահայտումը ավելի մեծ զայրույթի տեղիք չտա»,- ասում է նա։

Անդրադառնալով բուհերում հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը՝ Ա․Իշխանյանը նշեց, որ նախ պետք է դպրոցներում ոչ միայն հայագիտական առարկաների , այլև ընդհանուր դասավանդման մակարդակը բարձրացնել։ Եվ միանգամայն ընդունելի համարեց նախարար Արայիկ Հարությունյանի այն խոսքը, որ բուհերում պետք է կրթության որակը բարձրացնել։ «Ինչ վերաբերում է դրա դեմ բողոքներին, ապա դա պարզ քաղաքականություն է»,- հավելեց նա։

Ա․Իշխանյանը անդրադարձավ նաև ԱԺ օրակարգ ընդգրկված՝ քրեական մշակույթը քրեորեն պատժելու մասին կառավարության ներկայացրած նախագծին և ասաց, որ դա լավ նախաձեռնություն է, բայց հասկանալի չէ, թե ինչպես պետք է կիրառվի։ «Այդ հարցը միայն օրենքով չի լուծվի՝ նորից կրթություն։ Դպրոցից սկսած՝ պետք է դա արմատախիլ արվի։ Նաև քաղաքական վերնախավն իր օրինակով ու պահվածքով պետք է դրան նպաստի, քանի որ նրանք միշտ օրինակ են ծառայում։ Բայց տեսեք, ԱԺ նիստերում քննարկումները, նրանց պահվածքը։ Առաջին հերթին իրենց խոսքին, պահվածքին պետք է ուշադրություն դարձնեն, իրար հաթաթա չտան, որ իրենց օրինակով ցույց տան, թե ինչ է քաղաքակրթությունը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է «օրենքով գողերի կամ զոն նայողների» ինստիտուտին, իրավապաշտպանի ներկայացմամբ նրանք բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան։

 

Մանրամասները տեսանյությում