Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ո՞վ չգիտի, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելու տարիներին վախի մթնոլորտ էր Գյումրիում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին հորդորում է մեծ խնդիր չսարքել այն փաստից, որ երեկ խորհրդարանը չընդունեց ԱԺ նախագահի մասնակցությունը Անվտանգության խորհրդի նիստերին ապահովող նախագիծը։

Այս մասին ԱԺ նախագահն ասաց խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում։

«Ստեղ ֆորսմաժոր չկա։ Նախագծի չընդունվելն այն առումով էր անսպասելի, որ ես կարծում էի, որ սա մի նախագիծ է, որին կողմ կլինեն բոլոր խմբակցությունները և ոչ թե միայն «Իմ քայլը»։ Վստահեցնում եմ, որ մեծ խնդիր չեմ տեսնում այստեղ, ահրաժեշտություն կլինի՝ նորից կառաջարկեն այս կամ այն մոդիֆիկացիայով»,- նշեց Ազգային ժողովի նախագահը։

Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ օրինագծի հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին սպառնալիքներ հնչեցնելուն, ԱԺ նախագահն ասաց, որ տեղյակ է՝ սպառնալիք եղել է, բայց թե ում կողմից՝ չգիտի։ Արարատ Միրզոյանն ասաց, որ օրեր առաջ դրա մասին իրավապահ մարմիններին տեղեկացրել են։ Թե սպառնալիքը ի՞նչ ձևով է արտահայտվել, Արարատ Միրզոյանն ընդգծեց․
«Զանգելեն, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, որովհետև այնինչ բանը կանենք, սա սպառնալիք է»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթին, որում վարչապետը ակնարկում էր, որ Վարդան Ղուկասյանը Հանրապետության 2-րդ քաղաքի կեսը թալանել է, Արարատ Միրզոյանն ասաց․

«Ո՞վ չգիտի, որ իր քաղաքապետ լինելու տարիներին ինչպիսի վախի մթնոլորտ էր Գյումրիում, ես սա լսել եմ իմ գյումրեցի ընկերներից։ Հիմա եթե կոնկրետ խոսենք հիմնավորումների մասին, ապա ես այս վայրկյանին չեմ մտաբերում կոնկրետ բաներ, բայց գուցե մարդկանց հարցուփորձ անենք, որոնք այնտեղ են ապրել, ինչ-որ բաներ ասվեն։ Ես ասում եմ կար այդպիսի մթնոլորտ Գյումրիում, կար նաև պետական, հանրային միջոցների վատնման, շորթման, իշխանությունը սեփական անձի և շրջապատի շահերին ծառայեցնելու պատկերը»։

Հարցին, եթե Վարդան Ղուկասյանը կապվում է թալանի հետ, ապա ինչո՞ւ իրավապահները գործողություններ չեն իրականացնում, Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ հարցը պետք է ուղղել հենց իրավապահներին։

 

Տեսանյութը՝ Faktor.am-ի