Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-QYpR94AFUg
A A
Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանը հերքում է, որ ճանաչում է Նազելի Բաղդասարյանին, Բաղդասարյանը՝ ոչ (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե չի ճանաչում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին , հետևաբար՝ միջնորդավորված ձևով չի էլ սպառնացել պատգամավորին, որը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ նախագծի հարակից զեկուցողն է:

«Չեմ ճանաչում նրան, նույնիսկ բարև էլ չեմ տալիս: Ինձ թույլ էլ չեմ տա կնոջը բան ասել, էդ իմ ապրելակերպը չի»,- նշեց Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե պատգամավորներ կան, որոնք մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, «օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկցնենք ասֆալտին, հանկարծ մտքերով չանցնի կպառկցնենք ասֆալտին ու կտանք պատերով բառի բուն իմաստով»:

Վարչապետի այս հայտարարությունից հետո մամուլում հրապարակում եղավ, որ վարչապետը սպառնացող պատգամավոր ասելով՝ նկատի է ունեցել հենց Վարդան Ղուկասյանին, իսկ հարակից զեկուցող՝ Նազելի Բաղդասարյանին:

«Ա1+»-ը թեմայի շուրջ մեկնաբանութուն խնդրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանից, սակայն վերջինս չցանկացավ խոսել՝ նշելով, որ նախագծի հարակից զեկուցման ժամանակ կխոսի:

Նազելի Բաղդասարյանը, սակայն նշեց, որ ինքը ճանաչում է Վարդան Ղուկասյանին, որովհետև միասին հարցազրույց են ունեցել:

Ստորև «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարից  հաղորդում, որտեղ Վարդան Ղուկասյանը հարցազրույց է տալիս Նազելի Բաղդասարյանին: