Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Որևէ մեկը մտածում է՝ Հայաստանն ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր է, քան Թուրքիա՞ն․ Արա Պապյանը՝ սենատորի կիրառած վետոյի մասին

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանը «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով ամերիկացի սենատոր Լինդսի Գրահամի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա վետո դնելու փաստին, նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Սենատում կասեցվեց, որովհետև առանց բոլորի համաձայնության հնարավոր չէ քննարկման մտցնել այն։

Ըստ Պապյանի՝ տեղի ունեցածը ցանկալի չէր, բայց  սպասելի էր երկու պատճառով․

«Մեկը հենց Էրդողանի այցելությունն էր, թերևս Էրդողանը որոշ զիջումներ է խոստացել կապված թուրք-ռուսական հարաբերությունների հետ, մյուսը Հայաստանի կողմից ամերիկյան հարկատուների ֆինանասավորմամբ լաբորատորիաների՝ ռուսների առջև բացելու Հայաստանի համաձայնությունն էր։ Էրդողանը ուներ հստակ ասելու՝ տեսեք ձեր երկարատև դաշնակցին փոխում եք մի երկրի հետ, որը անգամ պատրաստ չէ պահպանել ձեր ֆինանսավորած լաբորատորիաների գաղտնիությունը»։

Ինչ վերաբերում է Էրդողան- Թրամփ հանդիպմանը, Պապյանն ասում է՝ տարածված  հաղորդագրության մեջ կային տողեր, որտեղ նշվում էր, թե շուտով իրենց փոխադարձ առևտուրը 100 միլիարդի կհասնի, դա նշանակում է, որ կարևոր  տնտեսական գործընկերներ են, բացի այդ՝ Թուրքիան դեռևս ՆԱՏՕ-ի անդամ է, և դա կշարունակվի։ Դրա համար, ըստ նրա, Էրդողանը իսկույն ևեթ գնաց և Թրամփին, նրա միջոցով էլ սենատորին բացատրեց այդ ամենը։

Արա Պապյանն ընդգծում է նաև, որ  պետք է հաշվի առնել այն, որ Թրամփը՝ որպես բիզնեսմեն, բիզնես-շահեր ունի Թուրքիայի հետ, դա էլ երևի իր ազդեցությունը ունեցավ, այսինքն՝ Թուրքիան օգտագործեց բոլոր հնարավորությունները․

«Եթե մենք փորձում ենք Թուրքիայի դեմ պայքարել քաղաքական, ռազմական կամ տնտեսական դաշտում, այդ երեքում  էլ մենք միշտ պարտվելու ենք, որովհետև Թուրքիան մեզնից միշտ ուժեղ է լինելու։ Կա չորրորդ դաշտը՝ իրավականը, որտեղ մենք ուժեղ ենք։ Որևէ մեկը մտածո՞ւմ է, որ երբևէ կարող է լինել մի պահ, որ Հայաստանը ավելի կարևոր լինի ԱՄՆ-ի համար, քան Թուրքիան։ Այսօր Հայաստանը նույնիսկ Ռուսաստանի համար է պակաս կարևոր, քան Թուրքիան։  Այդ դաշտում մենք արդեն պարտվում ենք, հետևաբար՝ խնդիրը  պետք է տանել իրավական դաշտ, որտեղ մենք ուժեղ ենք»,-եզրափակեց Ա․ Պապյանը։