Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գերմանիայից կամավոր վերադարձած քաղաքացիներն աջակցություն կստանան (տեսանյութ)

Գերմանիայում նվազագույնը 6 ամիս ապօրինի, առանց կարգավիճակ ստանալու բնակվելուց հետո կամավոր Հայաստան վերադարձող հայերը աջակցության հնարավորություն կունենան։

Նրանք «CAROB» ֆրանս-գերմանական աջակցության և վերաինտեգրման ծրագրով կկարողանան ստանալ մասնագիտական ուսուցում, միկրոձեռնարկություն հիմնելու համար ֆինանսական աջակցություն: Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական  գրասենյակը(OFII) հայաստանյան ներկայացուցչությունն այս տարվա սեպտեմբերի 1-ից տվեց այս ծրագրի մեկնարկը։ 

Ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյանը նշում է՝ այս պահին ունեն 20 հայտ 100 քաղաքացու վերաբերյալ։ Վաղը հանձնաժողովը կորոշի, թե նրանից որ մեկին ինչ տեսակ աջակցություն պիտի տրամադրվի։

«Հիմնական խնդիրը աշխատանքի հետ կապված խնդիրն է, և մենք փորձում ենք ֆինանսավորել և՛ մասնագիտական ուսուցում, և՛ ֆինանսավորում ենք փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի եկամուտ ապահովենք և կանխենք միգրացիոն ռեցիդիվի ռիսկը»,- նշում է Արա Հովհաննիսյանը։

«CAROB»-ի նպատակը տարեկան 400 անձի աջակցություն տրամադրելն է։
Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական  գրասենյակի միջոցով արդեն 350 անձ Ֆրանսիայից վերադարձել է հայրենիք ու աջակցություն ստացել։

Հասատան քաղաքացի Նարինե Հարությունյանը 2014-ին ընտանիքի հետ մեկնել էր Ֆրանսիա՝ բնակություն հաստատելու։ 2016-ին վերադարձան որդիների ցանկությամբ՝ ուզում էին ծառայել Հայոց բանակում։ Այժմ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում կիսաֆաբրիկատների բիզնես են հիմնել։

«Վերադառնալուց հետո դիմեցինք OFII-ին, մի փոքր նրանց աջակցությամբ՝ մասնակի ֆինանսավորմամբ բացեցինք մեր բիզնեսը, որը հիմա արդեն գործում է։ Մենք սիրում ենք մեր երկիրը, շատ հեշտ վերաինտեգրվեցինք։ Մեր ընկերները, որոնք մեզ հետ ապրում էին նույն քաղաքում արդեն ուզում են վերադառնալ՝ մեզ տեսնելու»,- նշում է Նարինե Հարությունյանը։