Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ես ինձ համարում եմ պատանդ` քաղաքական իշխանությունների համար»․ Արսեն Բաբայան (տեսանյութ)

«Ի սկզբանե մենք շատ լավ գիտենք այս հարուցված քրեական գործի բուն իմաստը, որը ի սկզբանե քաղաքական էր, այսինքն՝ քաղաքական իշխանությունը մինչև քրեական գործերի շարք սկսելը հայտարարել  էր, որ ՍԴ-ում փոփոխություններ են սկսվում՝  նախագահից սկսված», այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանը․

«Բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ պարունակում են իրավական որոշակի հիմնավորումներ, այնուամենայնիվ՝ ելնում են քաղաքական նպատակներից»։

Բաբայանի խոսքեով իր նկատմամբ կատարվող գործողությունները ոչ իրավաչափ էին՝ սկսած քրեական գործ հարուցելու որոշումից․

«Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին կետով նախատեսվում է, որ քրեական գործ չպետք է հարուցվի այն բոլոր արարքների դեպքում, որոնք նախատեսում են մինչև 4 տարի ազատազրկում»։

Նրա համոզմաբ՝ քրեական գործին հաջորդող ձերբակալությունը  ևս խայտառակ ապօրինություն էր․

«Այս ամբողջ գործողությունները միտված են մեկ հիմնական նպատակի՝ հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին կամ որևէ այլ եղանակով պաշտոնից ազատելուն, դրա հետ կապված քաղաքական իշխանությունը կանգ չի առնում որևէ միջոցի առաջ։ Այս շրջանակներում քաղաքական իշխանության համար միևնույնն է՝  ով կլինի ազատազրկված, ով կլինի խոշտանգված, մարդը ամենևին արժեք չունի»։

Բաբայանն իր 22 օրվա ազատազրկումը համարում է ապօրինի և իրեն համարում է պատանդ քաղաքական իշխանությունների համար․

«Պայքարելու եմ այս գործի վերջնական և արդարացի հանգուցալուծմանը հասնելու համար։ Այսուհետ զբաղվելու եմ նաև իրավապաշտպան գործունեությամբ, թև ու թիկունք եմ  լինելու բոլոր այն մարդկանց, ովքեր նույնքան ապօրինությունների կենթարկվեն, ինչպիսին իրականցվել են իմ նկատմամբ»։

 Ինչ վերաբերում է խափանման միջոցի փոփոխությունը, Բաբայանն ասում է՝  քաղաքական որոշմաբ տարան փակեցին, քաղաքական որոշմաբ բացեցին, որովհետև Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այս  որոշումը իրենց քաղաքական թիմի ընդհանուր քննարկումն է եղել․

«Վստահ եմ, որ այստեղ քաղաքական իշխանությունը իր դեմքը փրկելու խնդիր ուներ և շատ արագ տեսնելով, որ այս գործում չկան օրենքի պահպանման որևէ տարրեր, ինչ-որ փուլում հասկացան, որ վտանգը մեծանում է և ինչքան երկար ինձ պահեն կալանքի տակ, այնքան ավելի վատ է լինելու ՀՀ վիճակը։ Ուղղակի ընդունվեց որոշում ինչ-որ կերպ շտկել իրավիճակը, թեև սա լավագույն տարբերակը չէր»։

Ինչ վերաբերում է Բաբայանի տեսակցություններն արգելելու խնդրին, վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանն ասում է․

«Ինձ համար տարօրինակ էր, որ վարույթն իրականացնող մարմինի ղեկավարը հայտարարում է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, այսինքն՝ թյուրիմացաբար մարդու իրավունք է խախտվել, այդպիսի բան չի կարող լինել։ Եթե կա իրավունքի խախտում, պետք է լինի նաև համապատասխան պատասխանատվություն այն անձի նկատմամբ,  ով կայացրել է այդ որոշումը»։

Բաբայանն էլ իր հերթին ընդգծում է, որ իր նկատմամբ կիրառված ապօրինությունները ՀՀ-ում աննախադեպ են, այսինքն՝ որ քրեական գործում պահպանված չլինի օրենքի որևէ կետ։

Վերջինս վստահություն է հայտնում, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու է քաղաքական որոշմամբ։

«Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի, այսինքն՝ ցուցմունք կամ ապացույց այն մասին, որը կվկայի, որ նա կատարել է որևէ հանցավոր արարք»,-այս մասին հայտարարեց Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Վարոսյանի պնդմամբ՝ մեղադրանքի բովանդակության մեջ շարադրված են հանգամանքներ, որոնք գոյություն չունեն և դրանց մասին ապացույցներ էլ գոյություն ունենալ չեն կարող․

«Մենք քաղաքական հետապնդումների շատ անգամ ենք ականատես եղել, բայց այս տիպի իրավիճակ, որ անգամ փորձ է արվում իրականության հետ առնչություն չունեցող մի տեքստ հրամցնել որպես մեղադրանք, նման բան երևէ չի եղել»։