Բերեզովսկին կլքի «Խիմկին»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի դարպասապահով հետաքրքրված են Մոսկվայի «Դինամոն» ու Երեւանի «Փյունիկը»:
Մերձմոսկովյան «Խիմկիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովն առաջին իսկ հարցազրույցին հայտարարել է, որ թիմի առաջատար խաղացողները, այդ թվում դարպասապահ Ռոման Բերեզովսկին, կլքեն ակումբը: Նա այդ որոշումը բացատրում է թիմի կազմի երիտասարդացման հետ: Այդպիսով, Հայաստանի հավաքականի 35-ամյա դարպասապահը ստիպված է նոր թիմ հայթայթել:
Ըստ որոշ աղբյուրների` Մոսկվայի «Դինամոն» ցանկանում է Ռոման Բերեզովսկուն կրկին հրավիրել թիմ, բայց որպես 2-րդ դարպասապահ: Փորձառու դարպասապահի ծառայությամբ հետաքրքրված է նաեւ Երեւանի «Փյունիկը»: Այդ մասին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը: Հարկ է նշել, որ կամերունցի դարպասապահ Ապուլա Բետեի հեռանալուց հետո «Փյունիկն» ամեն տարի լուրջ խնդիրներ է ունեցել դարպասի պահապանի հարցում:
Ի դեպ, Ռոման Բերեզովսկին ռուսական լրատվամիջոցների կողմից ճանաչվել է երկրի առաջնության ամենաանվախ ֆուտբոլիստը: Դրա համար հիմք է հանդիսացել այս տարի նրա հետ տեղի ունեցած միջադեպը. Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի «Խիմկի» - «Ռոստով» հանդիպումից առաջ Ռոման Բերեզովսկուն զանգահարել է անհայտ մի անձնավորություն եւ առաջարկել հանձնել խաղը: Մերժելու դեպքում հեռախոսային ահաբեկիչը խոստացել էր «կոտրել եւ ոչնչացնել» ֆուտբոլիստին: Փորձառու դարպասապահին չէր վախեցրել դա, եւ նա դիմել էր ոստիկանություն: Սակայն Խիմկի քաղաքի ներքին գործերի վարչությունն այդպես էլ քրեական գործ չի հարուցել` պատճառաբանելով, որ հանցանքի կոնկրետ փաստեր չկան: