Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Winter Chess Classic 2019. Հայաստանի շախմատիստներն առայժմ հետապնդողների թվում են

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Winter Chess Classic 2019 միջազգային մրցաշարում արդեն երեք տուր է կայացել:

Ա խմբում հանդես եկող մեր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 1,5 միավոր և այժմ բաժանում է 6-7-րդ տեղերը: Մեր շախմատիստը առաջին տուրում հաղթել է իր հայրենակից Վարուժան Հակոբյանին, երկրորդում պարտվել ռուսաստանցի Գրիգորի Օպարինին, իսկ երրորդում ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ջեֆերի Քսիոնգի հետ:

Այսօր նախատեսված 4-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը սևերով կհանդիպի ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի հետ, որը վաստակած 2 միավորով մրցաշարի 5 առաջատարներից մեկն է:

Բ խմբում հանդես եկող մեր շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանը երեք հնարավորից վաստակել է 2 միավոր և առայժմ կիսում է 2-5-րդ տեղերը: Այստեղ աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանի Ալեքսեյ Սորոկինը, որն ունի 2,5 միավոր: Մեր հայրենակից Մելիքսեթ Խաչիյանն իր անվան դիմաց նույնպես 2 միավոր է գրանցել: Այսօր կայանալիք 4-րդ տուրում Տիգրան Կ. Հարությունյանը սպիտակներով կհանդիպի պերուացի Էմիլիո Կորդոբայի հետ:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 17-ին: Winter Chess Classic 2019-ի մրցանակային հիմնադրամը 36 հազար դոլար է: Դրամական պարգև կստանան բոլոր 20 մասնակիցները: Ա խմբի հաղթողին բաժին կհասնի 6 հազար, իսկ Բ խմբի հաղթողին՝ 4 հազար դոլար: