Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1366
A A
Հասարակություն

«Ձեռքերդ հեռու հայոց լեզվից և գիտնականներից»․ գործադուլ եւ դասադուլ են հայտարարել (տեսանյութ)

Երևանի պետական համալսարանի ուսանողները և Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական կազմակերպությունը շարունակում են բողոքի ակցիաները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

«Ձեռքերդ հեռու հայոց լեզվից և գիտնականներից», - ասաց Բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանը, որը մասնակցում էր ավելի վաղ հայտարարված գործադուլին։ 
 
Նա առաջարկեց կառավարությանը կրճատել իր դասավանդման ժամերը, սակայն ոչ հայոց լեզվի հաշվին։ Նա նաև Հայոց լեզվի ամբիոնի անունից խոստացավ լեզվաբանության բնագավառում գիտական բարելավում կատարել 2 տարվա ընթացքում, եթե պետության հովանավորությամբ գիտական կենտրոններ բացվեն։ 
 
Աշխարհում, ըստ նրա, չկա մի համալսարան որտեղ չուսումնասիրվի տվյալ պետության մայրենի լեզուն։ Դասախոսը հարցադրում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես էին կարող ազգի գիտնականները մնալ լուսանցքում։ 
 
Երիտասարդները «Դասադուլ, գործադո՛ւլ» կոչերով հայտարարեցին, որ շարժվում են դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք։ 
 
Դասախոսները նախատեսում են հայտարարություն անել ժամը 13։00-ին, որից հետո երթ կիրականացնեն։
 
Բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, Բանասիրության դոկտոր Յուրի Ավետիսյանը, Հայոզ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը հայտարարեցին, որ անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպել և Հայոց լեզվի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել։
 
Այսօր նրանք նախազգուշական գործադուլ և դասադուլ են հայտարարել, մինչ ԿԳՄՍ նախարարության արձագանքը։ 

Ակցիայի մասնակիցները հասան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք։ Ակցիայի մասնակիցներից ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ սպասում են ԵՊՀ ուսանողական խորհրդի հայտարարությանը։ 

ԵՊՀ Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նույնպես եկավ կենտրոնական մասնաշենքի մոտ և լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին ուսխորհուրդը պատրաստում է հայտարարության տեքստ՝ երկու ժամվա ընթացքում այն ներկայացնելու համար։

Նա ասաց, որ հայտարարության մեջ անդրադարձ է կատարվելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանը և նրա հրաժարականին։ 

Ակցիայի մասնակիցները հասան կառավարության շենքի մոտ և կոչ արեցին իշխող քաղաքական ուժին կարգի հրավիրել Արայիկ Հարությունյանին։ Այժմ շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն։ 

Ցուցարարներն այժմ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ են։ Նրանք ողջունեցին նստացույց անող դաշնակցական երիտասարդներին։ Այստեղ են նաև Հայ հեղափոխական դաշնակցության անդամներ Հրանտ Մարգարյանը, Սուրեն Պարսյանը և այլք։

Ակցիայի մասնակիցները կոչ արեցին մտավորականությանը, դասախոսներին՝  միանալ ցույցին։