Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 13-ը նոյեմբերի. Հացի մաֆիան հրդեհեց գործարանը (տեսանյութ)

1997-ի նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը քննադատում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրեթե բոլոր նախաձեռնությունները: Նա նախագահին կոչ է անում նախ երկրում վերականգնել ժողովրդավարությունը եւ ընտրական ինստիտուտները: Տեր-Պետրոսյանն, ըստ նրա, նույնիսկ Ղարաբաղի հարցի հետ չգիտի ինչպես վարվել:

Նույն օրը նախագահ Տեր-Պետրոսյանը մեկնում է Տավուշի մարզ, այսպես ասած, նախագահի ճանապարհը բացելու: Դիլիջանում նա մի քանի բառ է փոխանակում երեխաների հետ, Իջեւանում հանդիպում ժողովրդին եւ հիշեցնում, որ հրաշքներ չի խոստանում: Խաչաղբյուրում նրա առջեւ սեղան է գցվում, գյուղը էլեկտրականություն չունի, Տեր-Պետրոսյանը խոստանում է լույս: Առանց այն էլ օրը լուսավոր է նախագահի համար։

1998-ի նոյեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են Արցախի հարցի լուծման նոր առաջարկներով: Առաջարկները ենթադրում են հակամարտության համապարփակ լուծում: Ադրբեջանը Ալիեւի խորհրդականի մակարդակով արդեն մերժել է այս առաջարկները։

1999-ի այս օրը «Երկրապահը» հայտարարում է, որ Հանրապետականի հետ կառավարության ձեւավորման մասով առաջացած ճգնաժամը հաղթահարված է, ոչ մի խնդիր չկա: Վազգեն Սարգսյանի մահով «Երկրապահն» իրեն զգում է որբացած, հետեւաբար տարօրինակ չէ, որ հոկտեմբերի 27-ի առաջին օրերին բանակը կոշտ լեզվով է խոսում քաղաքական ղեկավարության հետ։

Հանրապետականի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նույն օրը վստահեցնում է, որ նախագահ Քոչարյանի եւ վարչապետ Արամ Սարգսյանի միջեւ տարաձայնություններ չկան: Կար տեսակետ, որ երկրի քաղաքական կյանքի հիմնական դերակատարը Արամ Սարգսյանին պաշտպանող բանակն է: Պարոն Թորոսյանն ասում է՝ ոչ, մենք ենք, այսինքն, «Միասնություն» դաշինքը։

Փոքրիկ Սիրուշոյի ներկայությամբ նրա մայրը՝ երգչուհի Սյուզան Մարգարյանը, 1999-ի այս օրը խոսում է տղամարդկանց հաճելի լինելու ջանքերի մասին: «Գլորիա» կանանց ակումբում հավաքվել են մոր եւ դստեր երկրպագուները:

Նույն օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրում կառավարության կազմի ձեւավորման մասին: Դրանով վերջ է տրվում երկուսի միջեւ հակասությունների պատմությանը:

2000 թվականի նոյեմբերի 13-ին ուսանողների հետ է հանդիպում Ռոբերտ Քոչարյանը: Թեման երկրին վերաբերող ամեն ինչ, ներառյալ ուսանողության սոցիալական խնդիրները: Հանդիպումից հետո ուսանողներն առանձնապես հիացած չէին իրենց հնչեցրած հարցերով։

2000 թվականի այս օրը ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հյուրն են լրագրողները: Գուրզադյանն այն մարդն է, որին խորհրդային տիեզերագնացության հայր Սերգեյ Կարալյովը պատվիրել է Օրիոն-2 սարքը, որով առաջին անգամ լուսանկարվել է արեւի ռենգենը: Հայաստանի անկախությունը համաշխարհային այս հեղինակության ղեկավարած Գառնիի տիեզերագիտության ինստիտուտը մեկուսացնում է աշխարհից, սակայն այս օրերին պատվերներ կան Ֆրանսիայից:

2001-ի այս օրերին Արմավիրի հացի մաֆիան հրդեհում է քաղաքի հացի գործարանը։ Արմավիրում խոսում են այն մասին, որ հացի մասնավոր արտադրողներին չի գոհացրել այն, որ այս գործարանը 120 դրամանոց մատնաքաշի գինն իջեցրել է 90 դրամ։ Պահակը վստահեցնում է, որ տեսել է հրդեհողին ու վազել նրա հետեւից, սակայն բռնել չի հաջողվել։ Հանցագործը նախ կողպել է այն դուռը, որտեղ գիշերել են հերթափոխի երկու աշխատակիցները, հետո հրդեհել տնօրենի աշխատասենյակը, որտեղի էլ տարածվել է կրակը։

Հինգ ամիս շարունակ փորձնական եթեր ունեցող «Հայրենիք» մանկական հեռուստաալիքը 2001-ի այս օրերին պաշտոնապես մտնում է եթեր։ Բավական է՝ ինչքան քաղաքական հեռուստաալիքներ կան։ Հեռուստաալիքի հիմնադիրը խոստովանում է, որ նման ալիք ունենալու պատճառը մանկուց իրեն տանջող մի հարց է։

2003-ի նոյեմբերի 13-ին Շիրակի մարզի Կաքավասար եւ Լուսաղբյուր գյուղերի միջեւ ընկած տարածքում հայտնաբերվում է նախորդ օրը ռադարների էկրաններից անհետացած «ՄիԳ-29» մարտական ինքնաթիռի բեկորները։ Ջախջախված ինքնաթիռից 30-40 մետր հեռավորություն վրա հայտնաբերվել է նաեւ զոհված օդաչուի՝ Կոնստանտին Կարդաշի դիակը։ Ռուսաստանից ժամանած մասնագետների նախնական եզրակացությամբ, վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, եղանակային պայմաններն են եղել, ինչի հետեւանքով օդանավը բախվել է սարին:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պաշտպանում է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի կոմունալ ծախսերը մեր բյուջեի միջոցներով վճարելու կառավարության որոշումը։ Խոսքը տարեկան մեկուկես միլիոն դոլարի մասին է։

Ազատության հրապարակը 2010-ի այս օրերին ընդդիմության համար դեռ անմատչելի ամրոց է։ Քաղաքապետարանը երկու ամսվա ընթացքում 32-րդ անգամ մերժում է այնտեղ միտինգ անելու մասին ՀԱԿ-ի դիմումը։ Քաղաքապետարանը ՀԱԿ-ին առաջարկվում է հավաքվել Մատենադարանի մոտ, Ազատության հրապարակում ցուցահանդես է։ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով ամեն ինչ օրենքով է։