Բացել լրահոսը Փակել լրահոսը
76693251_1705117162953154_5635946838470164480_o
A A
Քաղաքականություն

Մեծամասնության իշխանությունը կանխելու մեխանիզմներ չկան․ Արթուր Սաքունց (տեսանյութ)

«Ոչ թե նախորդ իշխանություններին պետք է քաղաքական գնահատական տալ, այլ համակարգին»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրա խոսքերով՝ մենք խնդիր ունեք այն համակարգի հետ, որը ձևավորվեց անկախությունից հետո ժողովրդավարական գործընթացներին զուգահեռ և հանգեցրեց մեկ կուսակցության գերիշխանությանը․

«Ամբողջ խնդիրը այն է, որ հեղափոխությունը տեղի է ունենում, որովհետև պետությունը զավթված է լինում մի խմբի կողմից, այսինքն՝ մարդիկ որոշ ժամանակ գոյատևում են այդ պայմաններում, հետո ընդվզում են պետության զավթման դեմ»։

Իրավապաշտպանն ասում է՝  մեր երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ քաղաքացիական ընդվզումների արդյունքում․

«Քաղաքացիները չհաշտվեցին, չընդունեցին իրենց պարտադրված խաղի կանոնները և ստիպեցին, որպեսզի մարդիկ, որոնք մեկ տարի առաջ ընտրվել էին, հեռանան»։

Ա․ Սաքունցի խոսքերով՝ խնդիրն այն է՝ արդյոք հեղափոխությունից հետո ստեղծվեցի՞ն երաշխիքներ, որպեսզի չունենանք այն, ինչ ունեինք․

«Առաջին կարևոր քայլը, որ պիտի այդ երաշխիքներն ապահովեր, Սահմանդրական փոփոխությունները պիտի լինեին, որովհետև պետության զավթումը, որը մինչ այդ տեղի էր ունեցել Սահմանադրությամբ ամրագրված նորմերի խախտմամբ, ամրագրվեց Սահամանադրական նորմերով և կայուն քաղաքական մեծամասնություն հասկացողության ներգրավմամբ։ Չկային ու հիմա էլ չկան մեխանիզմներ մեծամասնության իշխանությունը կանխելու, որպեսզի նա չդառնա բացարձակ իշխանություն, և այստեղ ամեն ինչ դրված է անձանց կամային հատկանիշների վրա, իսկ իշխանությունը գայթակղելու հատկություն ունի, և այդ առումով պետք է լինեն ինստիտուցիոնալ երաշխիքներ մեծամասնության իշխանությունը վերահսկելի դարձնելու համար»։

Արթուր Սաքունցը նշում է նաև՝ ասել, որ օրակարգում չկան Սահմանադրական փոփոխություններ, ճիշտ չի լինի, բայց հարց է առաջանում, թե ինչու դա չէր կարելի անել, ենթադրենք, այս տարվա փետրվարից։

Նրա խոսքերով՝ խնդիր է նաև իշխանության տարբեր ճյուղերի տարանջատման և փոխզսպման մեխանիզմների ստեղծումը։

«Պետության զավթման ուղղակի հետևանք է 30 տոկոս աղքատությունը, պետության զավթման ուղղակի հետևանք է հենց թեկուզ Ամուլսարը և հանքային ռեսուրսների կառավարումը, պետության զավթման հետևանք է, երբ 19-25 տարեկանների 10 տոկոսը անգրագետ է, երբ մեր աշակերտների 50 տոկոսը չի կարողանում հաղթահարել մաթեմատիկայի անցողիկի շեմը»։

Անդրադառնալով քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ հայտարարություններին՝ Արթուր Սաքունցն ասում է՝ իշխանության կողմից, ըստ քաղաքական կարծիքների, քաղաքական հետապնդում չկա, բայց կան իրավունքի պաշտպանության և իրացման հետ կապված հարցեր, որովհետև չեն փոխվել ոստիկանությունը, դատական համակարգը, ԱԱԾ-ն․

«Ոչ միայն մարդիկ են նույնը մնացել, այլ նաև համակարգը շարունակում է գործել պետության զավթման համակարգի արժեքային տիրույթում»,-ընդգծում է բանախոսը։