Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Չենք ցանկանա իջնել Արայիկ Հարությունյանի մակարդակին»․ նախարարության դիմաց նստացույցը շարունակվում է (տեսանյութ)

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է նստացույցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Երիտասարդների խոսքով՝ իրենք գիշերն անցկացրել են նախարարության դիմաց և պնդում են՝ պայքարը շարունակելու են, մինչև նախարարը հրաժարական տա։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստվում է Կառավարության դիմաց «դաշնակցականների կողմից բերված դատարկ արկղերը լցնել քրեական գործերով», նախաձեռնող խմբի անդամ Արգիշտի Գևորգյանը ասաց․

«Մենք Արայիկ Հարությունյանին ասում ենք, որ եթե կան այդ քրեական գործերը, ու ինքը կարող է հանցագործության մասին հաղորդում տալ՝ հենց հիմա թող իջնի այդ արկղերով, մենք կօգնենք այդ արկղերում տեղավորել քրեական գործերն ու միասին կգնանք ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում տալու համար։ Եթե չկան այդ քրեական գործերը, չի սազում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին անել մերկապարանոց հայտարարություններ և խայտառակել նախարարական պորտֆելը․ սիրուն չի, պետք չի, չի կարելի, իրենից հետո ուրիշն է գալու, վստահենք, որ ավելի արժանավորն է գալու, ու չի սազի, որ այդ նախարարական կերպարն այդպես փչացվի»։

Հավաքվածներն ընդգծում են, եթե հայտարարությունն արվել է իրենց վախեցնելու համար, ապա նա պիտի իմանա, որ իրենք նման բաներից վախեցող չեն։ Ավելացնում են՝ եթե իսկապես կան նման գործեր, ապա ի՞նչն էր խանգարում նախարարին հաղորդում ներկայացնել ոստիկանություն ավելի վաղ։

Խոսելով նախարարի երեկվա կոչի մասին՝ ուղղված Դաշնակցությանը,  որպեսզի վերջիններս «տեր կանգնեն» իրենց կուսակցությանը, ցուցարարները դա որակեցին «անմակարդակ հայտարարություն»։

«Չենք ցանկանա իջնել Արայիկ Հարությունյանի մակարդակին և չենք ուզենա այդ ոճով պատասխանել»,- նշեց Արգիշտի Գևորգյանը։