Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բարձրագույն կրթության համակարգն արմատական բարեփոխումների շեմին է․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Երևանում մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը հատկանշական է համարում այն, որ ծրագրի՝ հայաստանյան 24-ամյա պատմության մեջ այն առաջին անգամ է անցկացվում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում։

«Անցյալ տարիների ընթացքում Հայաստանի շատ բուհեր, ինչպես նաև նախարարությունը, մասնակցություն են ունեցել բարձրագույն կրթության արդիականացման տարբեր հանգուցային խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ նախագծերում, որոնց շուրջ ձևավորված բուհական կոնսորցիումները (համընկերություն) ներառել են եվրոպական և տարածաշրջանային մեծաթիվ  համալսարաններ»։

Նախարարի խոսքով՝ այժմ օրակարգում են դասավանդման, ուսումնառության և գնահատման արդյունավետ մեթոդների ներմուծման բարձրագույն երկրորդ դոկտորական մակարդակի խնդիրները։

«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն այժմ արմատական բարեփոխումների շեմին է։ Շրջանառության մեջ է բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծը, որը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի բարձրագույն կրթության արագընթաց զարգացման համար։ Կատարելագործվում են հավատարմագրման գործընթացները, նաև հնարավորություններ են ստեծվում համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար, մեծ փոփոխություններ են սպասվում բուհերի ֆինանսավորման և կրթական համակարգի արդիականացման ու միջազգայնացման ուղղություններով»,- նշեց նախարարը։