Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Լրացուցիչ բան ունենայինք ասելու, կասեինք․ Վլադիմիր Կարապետյանը՝ Վազգեն Մանուկյանի մասին

Հանրային խորհրդի անդամ, Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հրաժարականին հնարավորությանը՝ ասել էր, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ուզում աշխատել նրա հետ, դա բավարար հիմք է։

«Որովհետև հակառակ դեպքում ՀԽ-ի խորհուրդներն ընդհանրապես կշպրտեն մի կողմ, չեն էլ նայի։ Վերաբերմունքի և փոխհարաբերությունների հարց է, որն ինձ չի վերաբերում։ Ես չեմ կարող ասել ինչ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանը Վազգեն Մանուկյանի հետ»,- նշել էր Սադոյանը։

«Ա1+»-ը Վազգեն Մանուկյանի հրաժարականի վերաբերյալ մեկնաբանության համար կապ հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։

«Վարչապետը, երբ հանդիպել է  Հանրային խորհրդի հետ, մենք հայտարարություն ենք տարածել։ Այդ ժամանակ է հայտնել իր դիրքորոշումը խորհրդի վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասաց Կարապետյանը։ Նա հավելեց, որ Արման Բաբաջանյանի նամակի վերաբերյալ արձագանքել է, որ դրանում որոշակի անճշտություններ կան ու անդրադարձել է այդ անճշտությանը։ 

Վարչապետի  խոսնակը ասել էր նաև, որ հաշվի առնելով, որ օրենքով Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից վաղաժամկետ ազատման հարց չի կարող բարձրացվել ավելի շուտ, քան նշանակման մեկ տարին լրանալը, ուստի մինչ եկող տարվա ապրիլի 4-ը նա չի կարող ազատվել պաշտոնից։

Դիտարկումներին, թե «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել է, որ եթե Մանուկյանը ուզում է հրաժարական տալ, պետք է հրաժարական տա, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց․ «Մեր պատգամավորներն ազատ են կարծիք հայտնելիս։ Մենք եթե լրացուցիչ բան ունենայինք ասելու, կասեինք»։

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 28-ին դիմել էր Փաշինյանին   Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու դիմումով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին «Անկախ» լրատվական կայքի հետ հարցազրույցում Մանուկյանն ասել էր․ «Քանի որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, և Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից»։ ՀԽ նախագահը նշել էր նաև իր հրաժարականի երկրորդ հնարավոր տարբերակը։ Ըստ դրա՝ երբ Մանուկյանը տեսնի, թե  այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա  Հանրային խորհրդից դուրս կգա և քաղաքական պայքարի միջոցով իր ասելիքը տեղ կհասցնի: