«Խելացի քաղաք»․ Հայաստանում տեղի կունենա ավտոնոմ ռոբոտների մրցույթ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 9-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի RobotexArmenia միջազգային մրցույթը։ Մրցույթին մասնակցելու է 41 թիմ աշխարհի մի շարք երկրներից։ Մրցույթի խորագիրն է «Խելացի քաղաք»։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց՝ նպատակ ունեն Հայաստանը դարձնել ռոբոտաշինության մրցույթների անցկացման կենտրոն։
RoboexArmenia-ին Հայաստանը մասնակցելու է սեփական ծրագրով․
«Հայաստանում տեղի կունենան ավտոնոմ ռոբոտների մրցույթներ, այսինքն՝ռոբոտը հենց միացվեց, դրանից հետո որևէ կառավարում որևէ մեկը չի կարող իրականացնել, և դրանից հետո ավտոմատ պետք է լաբիրինթոսը անցնի։ Աշխարհում քանի որ ռոբոտաշինության հիմնական մրցույթները ձեռքով կառավարվող ռոբոտների մրցույթներն են, մենք ուզում ենք Հայաստանը դիրքավորել ավտոմատ ռոբոտների մրցույթներում»։
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսյանն էլ ընդգծեց, որ Ucom-ը տարիներ շարունակ խրախուսում է ինժեներական մտքի զարգացումը՝ Հայաստանի մարզերում 40-ից ավելի §Արմաթ¦ լաբորատորիաների ներդրումով և այդ լաբորատորիաների սաների համար մրցույթներ հովանավորելով․
«Մեր ընկերությունը՝ որպես ինժեներական մտքի և կրթության ջատագով, շատ կարևորում է նման առիթները մեր երկրում և մեր երեխաների իներգրավածությունը նման մրցույթներում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ ուղին շատ կարևոր է մեր երկրի համար ռազմավարական տեսանկյունից»։
Ընկերության տնօրենը վստահ է՝ շատ հետաքրքիր արդյունքներ են գրանցելու Հայաստանի մասնակիցներն այս մրցույթում, քանի որ հենց նրանց շնորհիվ ավելի հեշտ եղավ մրցույթը Հայաստան բերել։
Հայաստանից RobotexArmenia-ին 33 մասնակից է գրանցված, հիմնականում 10-18 տարեկան։