Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

SILK NOTE FESTIVAL-ի ողջ հասույթը կուղղվի մարզեր (տեսանյութ)

Զարգացնել մշակութային տուրիզմն ու հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը մեր երկրի վրա։ Սրան է միտված  Silk Note փառատոնը, որի մեկնարկը տրվում է այսօր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Jamiroquai բենդի մենահամերգով։

Միջազգային Silk Note Festival-ը կազմակերպվում է «Իմ քայլը» հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիայի» և Berin Iglesias Art կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ: Ի դեպ, Berin Iglesias Art-ը, որը համագործակցում է Էլթոն Ջոնի, Ստինգի, Աննա Նետրեբկոյի և նման աստղերի հետ Հայաստանում կբացի իր ներկայացչությունը որը կլինի թվով 16-րդը։

«Հայաստանը՝ համեղ խոհանոցի, հիասքանչ բնության ու գեղեցիկ մարդկանց ձեր երկիրը, իր դռներն է բացում միջազգային շոու բիզնեսի առջև», - ասաց Berin Iglesias Art-ի համահիմնադիր Մաքսիմ Բերինը և նշեց, որ կազմակերպելու են ոչ միայն աստղային շոու համերգներ, այլև բերելու են միջազգային ցուցահանդեսներ ու դասական թատերական, օպերային ու բալետային ներկայացումներ։

Փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանի խոսքով, սա շարունակական փառատոն է լինելու և տարբեր ոճի աշխարհում ամենաճանաչված երաժշտական խմբերին ու մենակատարներին են հրավիրելու։

«Փառատոնի անվանումը պատահական չէ ընտրված։ Մետաքսը՝ բարձր որակն է խորհրդանշում, իսկ նոտան՝ մեր խազերի նոտագրության համակարգն է, որ ստեղծվել է ութերորդ դարում, եվրոպական նոտագրությունից վեց դար առաջ։ Հայաստանը կարող է դառնալ մետաքսյա ճանապարհի մի էմոցիոնալ, մշակութային վայր, որ հետաքրքիր կլինի զբոսաշրջիկների համար», -ասաց փառատոնի տնօրենը։

Փառատոնի համերգներից ստացված ողջ հասույթն ուղղվելու է  մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը։