Բացել լրահոսը Փակել լրահոսը
76203334_1427175650768358_7892517312849248256_n
A A
Քաղաքականություն

Շատ վատ եմ նայում դրան․ Հովհաննես Հովհաննիսյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջների մասին

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը վստահեցնում է՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագիծը, որով նախատեսում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանել, վերջնական տարբերակը չէ։

Նա չբացառեց, որ այս հարցի վերաբերյալ ԱԺ-ում քննարկումներից հետո փոփոխություններ լինեն նախագծում։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

«Բայց բոլոր բուհերը տարիներ շարունակ պահանջում էին բուհական ինքնավարության ավելացում՝ կրթական ծրագրերում, բովանդակային առումով։ Հիմա սա կոմպոնենտ է կրթական ինքնուրույնության ավելացմամբ։ Եթե ֆիզիկայի ֆակուլտետում գիտխորհուրդը կորոշի, որ իրենց պետք է հայոց լեզու, գրականություն և պատմություն, բնականաբար նրանք կանցնեն այդ առարկաները։ Եթե որոշվի, որ արևելագիտության ֆակուլտետում պետք է պատմություն, բայց արևելագիտական հարցերի վերաբերյալ, ապա դա էլ լավ տարբերակ է»,- ասաց պարոն Հովհաննիսյանը։

Նա անհեթեթ է որակում այն կարծիքները, որոնք հնչեցնում են իշխանութան հասցեին այս նախագծի հետ կապված։

«Քաղաքական շահարկումներ են, քննադատություններ են՝ երբեմն անառողջ, այդ տեսանկյունից պետք է հարցին նայել։ Այս իշխանությունը երբևէ դեմ չի գնացել կամ հերքել հայ եկեղեցու կամ հայոց լեզվի դերը հայ ժողովրդի կյանքում։ Չի էլ կարող որևէ իշխանություն Հայաստանում նման հերքումներով հանդես գալ»,- նշեց Հովհաննես Հովհաննսյանը։

Հովհաննես Հովհաննիսյանը նաև չի ընդունում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջները։

«Շատ վատ եմ նայում դրան և հիմնավոր չեմ համարում այդ հրաժարականի հնարավոր լինելը»,- շեշտեց նա։