Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1358
A A
Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանին Նաիրի Հունանյանի հետ կապելը Սադոյանը «վհուկների որս» որակեց (տեսանյութ)

Ըստ Հանրային խորհրդի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Սադոյանի՝ հնարավոր է հայ ժողովրդի ամբողջ մարդկային ռեսուրսով կազմավորել պետության նման մի կառույց, որով հնարավոր կլինի միավորել աշխարհի ողջ հայերին։ 

Անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Հանրային խորհուրդը անիմաստ կառույց է և հարցադրմանը, թե կա՞ մի լրագրող, ով կնշի հիմա մի քանի գործողություն, որ այդ կառույցը արել է և հանրային կյանքում դա նշանակություն է ունեցել, Սադոյանը պատասխանեց. «Ոչ մի կոպեկ պետությունից փող չենք ստանում»։ 
 
Սադոյանն ասաց, որ Հանրային խորհուրդը խորհրդատվական մարմին է, որպես կառույց մեծ ծախսեր չի պահանջում, և կառույցը շարունակ հանդես է եկել խորհուրդներով և առաջարկություններով և իշխանությունները չեն գործադրել այդ խորհուրդները։ Խոորհուրդներից մեկն էլ, գործչի փոխանցմամբ, դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման գաղափարն է։ 
 
«Աշխարհում կա երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Այն, վերջիվերջո, ընտրվում է ժողովրդի կողմից, կամ ժողովրդի ներկայացուցիչների կողմից», - շարունակեց նա՝ հավելելով, որ իշխանությունները ոչինչ չարեցին այդ ուղղությամբ։
 
Խոսելով պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո հայտարարություններին, թե վերջինս շատ է տվել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի անունը և փորձերը Մանուկյանին կապել «Հոկտեմբերի 27»-ի հետ Սադոյանը որակեց որպես «վհուկների որս»։
 
Հարցին, թե վաղը քննարկվելո՞ւ է Վազգեն Մանուկյանի հրաժարականի հարցը Հանրային խորհրդի նիստին, Սադոյանը պատատասխանեց, որ կարծում է, թե Մանուկյանը հենց այնպես հրաժարական չի տա։ 
 
«Եթե վարչապետը չի ուզում աշխատել, դա բավարար հիմք է», - շարունակեց Մանուկյանի հրաժարականի հնարավորության մասին Արշակ Սադոյանը։ 
 
Խոսելով «Հոկտեմբերի 27»-ի մասին՝ քաղաքական գործիչը համոզմունք հայտնեց, որ այն պատվիրված է եղել հզոր ուժերի կողմից. հնարավոր կազմակերպիչների մասով նա բացառեց Արևմուտքը, և հավանական կազմակերպիչներ նշեց Ռուսաստանի, Ռոբերտ Քոչարյանի անունը, ու ևս երկուսը, որոնց անունները չտվեց։