7 տոկոսը բավարար և լավ տնտեսական աճ է այս պահին․ ԿԲ տնտեսագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը, անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին, ասաց, որ հիմնականում դրան նպաստում է մասնավոր սպառումը, որը մեծ կշիռ ունի ՀՆԱ-ի մեջ, ինչը բավականին բարձր տեմպով աճում է 11-14 տոկոսով՝ եռամսյակային տեմպերով։ «Արտահանումը նույնպես դրական նպաստում ունի։ Արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան ներմուծմանը»,- նշեց նա։
Ըստ Գրիգորյանի՝ գնաճը տնեսական աճի գրավականներից մեկն է, քանի որ ներդրումներ անելու համար մարդկանց համար շատ կարևոր է, որպեսզի անորոշությունները ցածր լինեն, իսկ գնաճի բարձր տեմպերը որոշակի անորոշություններ են ստեղծում։
«Կարծում եմ (սա ասում եմ որպես տնտեսագետ), որ եթե հնարավոր լինի բարձր տնտեսական աճը պահպանել, դա անխուսափելի անդրադառնալու է բոլորիս կենսամակարդակի վրա»,- նշեց նա։
Խոսելով պնդումների մասին, թե ցածր գնաճը վնասում է տնտեսական աճին, Վահագն Գրիգորյանն ասաց, որ եթե նայենք Հայաստանի պատմությանը, տնտեսական աճը բարձր է եղել այն ժամանակներում, երբ որ գնաճը ցածր է եղել, իսկ երբ որ գնաճը բարձր է եղել, այն այդքան էլ բարձր չի եղել․ «Թե՛ 2000-ականներին, թե՛ 2010-ականներին։ Նախևառաջ տնտեսական աճը հիմա էլ է բարձր»։
Հարցին, թե քանի՞ տոկոսը կապահովի տնտեսական աճի զարգացումը, նա ասաց, որ կանխատեսվել է 6,9 տոկոս, և 7-7,1 տոկոս, ամենայն հավանականությամբ, կապահովվի։ Գնաճի ցածր լինելը, Գրիգորյանը պատճառաբանեց գյուղմթերքի ցածր գներով ու միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների նվազմամբ։
«Մենք հիմա վերլուծություններ ենք անում, որպեսզի հասկանանք, թե ցածր գնաճի մեջ որքան է կառուցվածքային փոփոխությունների գործոնը։ Երբ որ շուկաների մրցակցության աստիճաններն ընդլայնվում են, մեծանում են, որոնք կարող են տարբեր պատճառներով լինել (կարող է՝ բարեփոխումների պատճառով լինել, ԵԱՏՄ-ի հետ սահմանների ավելի բաց լինելու և առևտուր ավելի շատ ունենք)։ Դա նույնպես նպաստում է, որ ժամանակավորապես գնաճը ցածր լինի»,- մանրամասնեց նա։
Դիտարկմանը թե, տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցն ասում էր, որ զարգացման համար անհրաժեշտ է առնվազն 15 տոկոս տնտեսական աճ, Գրիգորյանը պատասխանեց, որ 8 տոկոս, 15 տոկոսը լավ կլիներ, բայց եթե նայենք երկարաժամկետ գնահատականներին, որ եղել են 5 տոկոսին մոտ և պատմական Հայաստանի միջին աճը եղել է մոտավորապես 6 տոկոս, ընդ որում զարգացման հետ միաժամանակ աճի տեմպերը պետք է դանդաղեն, որովհետև որքան զարգացում է լինում, ավելի է աճը դժվարանում, կարելի է ասել, որ 7 տոկոսը բավարար և լավ տնտեսական աճ է այս պահին։
Խոսելով չին-ամերիկյան տնտեսական հակամարտության մասին, նա ասաց, որ դա ազդել է գլոբալ տնտեսության մեջ անորոշության ավելացմանը, սակայն այդ ազդեցությունը դեռևս Հայաստանում զգալի չէ։ «Ռիսկերը զգալի ավելացել են, որովհետև պատկերացրեք՝ Ամերիկայում, Եվրոպայում կամ այլ երկրներում, երբ որ անորոշություններն աճում են, մարդկանց ներդրումները սկսում են կրճատվել, որովհետև չգիտեն՝ ինչ է լինելու։ Էսինչ բանի մեջ ներդրում անեն կամ մյուս ոլորտում ներդրում անեն՝ ինչ է լինելու և ներդրումների կրճատումը բնականաբար կազդի տնտեսական աճի վրա»,- պարզաբանեց Վահագն Գրիգորյանը։