Հայաստանը պետք է ունենա առնվազն 15 տոկոս տնտեսական աճ, որ շարժվի առաջ․ տնտեսագետ
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամն անդրադարձել էին Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշներին։
Տնտեսագետ Ինգա Ղալայանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ Համաշխարհային բանկը Հայաստանի համար կանխատեսում է 5,5 տոկոս տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 6 տոկոս: Աղքատության ցուցանիշի նվազման մասով Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ մինչև 2021 թվականն այն կնվազի՝ հասնելով 7 տոկոսի, իսկ ահա գործազրկությունը, ըստ Արժույթի հիմնադրամի կանխատեսումների, 2019-20 թվականների համար կհասնի 17,5 տոկոս ցուցանիշի։
«Ա1+»-ն այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց տնտեսագիտության դոկտոր, տնտեսագետ Կարեն Ադոնցից։
Տնտեսական աճի ցուցանիշի մասին
Ադոնցն ասաց, որ մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկը Համաշխարհային միջազգային կազմակերպությունները հիմնականում անում են ընդհանուր մակրոտնտեսական նպատակային թվի վրա․ այսինքն՝ եթե տնտեսական աճը նախատեսված է 5 տոկոս և ավելին, ընդհանուր ֆոնի վրա ավելացվում է որոշակի աճ։ «Ու եթե ասենք ՀՆԱ-ն աճում է 5 տոկոսով, մնացած ցուցանիշները համապատասխանաբար լրացվում են։ Իրենց մոտ կա աղյուսակ, որ եթե ձեր մոտ 5 տոկոս hամախառն ներքին արդյունքի աճ տեղի ունենա, մնացած ցուցանիշները համապատասխան ձևով կփոխվեն»,- մանրամասնեց տնտեսագիտության դոկտորը։
Ըստ Ադոնցի՝ միջազգային կազմակերպությունները խորքային վերլուծություն չեն անում, հիմնական վերլուծությունը պայմանավորված է մի քանի ցուցանիշներով՝ ՀՆԱ-ի աճ, գնաճի մակարդակ (ինֆլjացիա), բյուջեի դեֆիցիտ (պակասորդ), ներդրումներ։ Այս ցուցանիշները, եթե համապատասխան մակարդակների վրա են, փոփոխության չեն ենթարկվում։ «Ասենք, եթե ինֆլյացիան չի փոխվում, իրենց մոտ աղյուսակի ձևով ամբողջությամբ ֆիքսվում է։ Խորքային վերլուծություն չեն էլ կարող անել, որովհետև դա ռազմավարությունից է կախված, թե Հայաստանի տնտեսությունը որ ուղղություններով է կարող զարգանալ»,- շարունակեց տնտեսագետը։
Տնտեսական աճի նախատեսված 4,9 տոկոսը, 5 տոկոս կամ 6 տոկոսը, Կարեն Ադոնցի փոխանցմամբ, շատ փոքր ցուցանիշներ են մեր նման ցածր մակարդակի վրա տնտեսություն ունեցող երկրի համար։ «Եթե օրինակ՝ ինքն իրենով էլ զարգանա, եթե երկրի համախառն շահույթ ուղղվի տնտեսության մեջ, այս 5 տոկոս ցուցանիշը կապահովվի։ Առավելևս, որ բյուջետային պակասորդը ավելանում է, դա նշանակում է որ տնտեսության մեջ լրացուցիչ ներգրավումներ կլինեն վարկերի միջոցով կամ այլ աղբյուրների, դա էլ կմտնի տնտեսության մեջ ընդհանուր մաքուր շահույթով պայմանավորված ներդրումների հետ միասին, կապահովեն»,- պարզաբանեց տնտեսագիտության դոկտորը։
Քանի որ ՀՀ կառավարությունը տնտեսական զարգացման ռազմավարություն չէ ներկայացրել, ըստ Ադոնցի, Արժույթի միջազգային հիմնադրամը չի էլ կարող պատկերացնել, թե ոնց պիտի զարգանա ՀՀ տնտեսությունը։
«Եթե կառավարությունն ասում, է, որ ունենալու է այսքան աճ, այսքան բյուջեի դեֆիցիտ, ներդրումներ, ինֆլյացիա այսինչ մակարդակի վրա, արդեն համեմատություն է կատարվում, թե կունենանք այսքան տնտեսական աճ․ կարող է լինել 6 տոկոս, դա պայմանավորված է երկրում համախառն շահույթից։ Ավելացրիք դեֆիցիտը, դա նշանակում է, որ լրացուցիչ գումարներ են մտնելու տնտեսության մեջ, ըստ դրա՝ անում է հաշվարկ։ Բայց նրանք ռազմավարություն չեն մշակում։ Հիմա իրենց ասածը կհամապատասխանի, թե ոչ, հավասարակշռված տնտեսություն այդ միջոցները, որ մտնեն, տեղի կունենա։ Լավ կլիներ եթե 15 տոկոս տնտեսական աճ լիներ, հնարավոր լիներ տնտեսական կառուցվածքը փոխել դեպի արդյունաբերական նոր ոլորտներ, զարգանային նոր արտադրություններ, բացվեին նոր շուկաներ, կատարվեին ներառական ներդրումներ, այսինքն՝ մարդիկ էլ բաժնետիրական ընկերությունների միջոցով աշխատեին»,- ընդգծեց նա։
Շարունակելով՝ տնտեսագետն ասաց, որ 5 տոկոս տնտեսական աճի դեպքում ինֆլացիան կիջնի, դա էական բան չէ, զուտ թվաբանություն է, աղյուսակային է։ 5 տոկոսի վերաբերյալ դոկտորը գնահատական չունի, որովհետև դա Հայաստանի տնտեսության համար թիվ չէ։
«5 տոկոս տնտեսական աճով մենք մնալու են նույն մակարդակի վրա, աշխարհում 115-րդ տեղում։ 5 տոկոսով ո՛չ թոշակը լուրջ կբարձրանա, ո՛չ կենսամակարդակը կբարձրանա և այլն։ Լավ է, որ չեն գողանում, լավ է, որ կոռուպցիան կրճատվել է, բայց դա զարգացում չէ։ Հայաստանը պետք է ունենա առնվազն 15 տոկոս տնտեսական աճ, որ շարժվի առաջ։ Կողքի երկրներն էլ են 5-6 տոկոս ունենալու, իրենք էլ մնալու են մեր նման»,- շեշտեց Ադոնցը։
Գործազրկության ցուցանիշի մասին
Գործազրկության մասով՝ տնտեսագետն ասաց, որ Հայաստանում կարող են զարգանալ ճյուղեր, որոնք իրենց մեջ կընդգրկեն մեծ թվով աշխատողներ․ գյուղատնտեսությունը, տուրիզմը (սպասարկում, հյուրանոց և այլն), տեքստիլի, կարի արտադրությունները։ Ըստ նրա՝ դա ինչ-որ չափով հնարավոր է, որովհետև այդ ոլորտները կարող են ինչ-որ թվով մարդիկ ներգրավեն, բայց դրանք ցածր մասնագիտացում ունեցող ոլորտներ են։
«Այդ ոլորտները տանելով մեծ թվով աշխատուժ՝ արդեն տեղ էլ չեն թողնում, որ մասնագիտական ոլորտները զարգանան՝ ինժիներություն, արդյունաբերական ոլորտում մասնագետներ։ Վերջիններս են բարձր ավելացված արժեք ստեղծողները, բարձր աշխատավարձ ստացող մասնագետները։ Ես խոսում եմ աշխատանքների մասին, որոնք մասնագիտացում են բերում երկրին, որոնք բարձր տեխնոլոգիական առաջընթաց կապահովեն։ Ասենք՝ ծրագրավորողները, սակայն դա էլ նեղ մասնագիտացված է, զուտ ՏՏ ոլորտում ծրագրավորող աշխատելն էլի քիչ է․ մոտ 20 հազար մարդ է աշխատում այդ ոլորտում»,- պարզաբանեց Կարեն Ադոնցը։
Ուստի, ըստ նրա, շատ բաներ է պետք փոխել․ արդյունաբերության ոլորտները, պետք է զարգացնել էլեկտրա-տեխնիկական ոլորտը՝ շարժիչների արտադրություն, մալուխների արտադրություն, որպեսզի ներքին պահանջարկ լինի մաքուր պղինձ արտադրող գործարանի կառուցման համար։
«Ներքին պահանջարկը շատ կարևոր է, և այդ ոլորտները պետք է ստանան այնպիսի հարկային արտոնություններ, որ տրված է ՏՏ ոլորտին։ Այդ դեպքում կզարգանան, պղնձի սպառմամբ կստեղծվի ներքին պահանջարկ, և այդ առումով մենք ունենք բավարար խտանյութ, հարստացված խտանյութ, որն արտահանելու փոխարեն մեր երկրում հանգիստ կարող ենք գործարան կառուցել, ու գործարանը կլուծի բազմաթիվ հարցեր․ օրինակ՝ հումք կարտադրի մեր արտադրողների համար»,- ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ դա
գիտատար ոլորտ է։ Այսինքն՝ շարժիչների արտադրություն, տրանսֆորմատորների արտադրություն, գեներատորների արտադրություն։ Իսկ դա, ըստ նրա, հնարավոր է անել, որովհետև ամբողջ էլեկտրոնիական հիմնված է պղնձի վրա, որից հետո հնարավոր է այդ ոլորտները ավտոմատացնել։
«Այս կերպ պետք է մտածենք, դա է մեր երկրի շարժիչ ուժը։ Թե չէ տուրիզմը հասկացանք, բայց աշխատուժը կվերաբաշխվի այնպես, որ մարդ չի մնա ինժիներական ոլորտների համար։ Բոլորը ցածր դասի աշխատողներ կդառնան՝ այն, ինչը որ հիմա ունենք»,- մտահոգություն հայտնեց տնտեսագիտության դոկտորը։
Աղքատության ցուցանիշի մասին
«Համաշխարհային բանկն աղքատության ցուցանիշը հաշվարկում է, եթե չեմ սխալվում, 2,5 դոլար օրական ցուցանիշով։ Մենք ունենք 500-550 հազար թոշակառու, որոնց մի մասը 25 հազար դրամ է թոշակ ստանում ու 70 տոկոսն օրական 5 դոլար աշխատավարձ է ստանում օրական, դա նշանակում է, որ մեր երկրում 70 տոկոս աղքատություն կա»,- ասաց տնտեսագետը։
Աղքատության 30 տոկոս ցուցանիշը, ըստ Կարեն Ադոնցի, աշխատողների մեջ է կազմում, բայց թոշակառուներն էլ են սնվում, 550 հազար աղքատ միայն թոշակառու և նպաստ ստացող մարդիկ են, նրանք աշխատող չեն, աղքատ են փաստացի և եթե գումարենք աշխատողների միջի աղքատների թվի հետ, կհասկանանք՝ ինչ է կատարվում երկրում։
ԱՄՆ-Չինաստան տնտեսական հակամարտության մասին
Հարցին թե՞ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև ընթացող տնտեսական հակամարտությունն ի՞նչ ազդեցություն կունենա Աշխարհի և Հայաստանի տնտեսության վրա, Ադոնցն ասաց․ «Տեղի է ունենում հետևյալը․ ԱՄՆ ու Չինաստանն ունեն մեծ ներքին շուկա։ Դա նշանակում է շատ արտադրություններ, որոնք փաստացի Միացյալ Նահանգներ են ներմուծում Չինաստանից, Եվրոպայից և այլ տեղերից։ ենթադրվում է, որ իր ներքին շուկան բավարար է, որպեսզի այդ արտադրությունները շահութաբեր աշխատեն միայն Միացյալ Նահանգների ներքին շուկայի համար»։
Եթե ունենք խոշոր շուկա, ըստ տնտեսագետի, և այդ խոշոր շուկան հիմնականում ներմուծումը կատարում է թե՛ սպառողական, թե՛ հումքային, թե՛ տեխնիկական սարքավորումների առումով Չինաստանից, Կորեայից, կամ Եվրոպայից և այլն, և եթե Միացյալ Նահանգների նախագահն եք, ունեք բավարար ներքին շուկա, սպառումն էլ է բավարար, ուստի այդ գործարանները, արտադրությունները կազմակերպվեն ԱՄՆ-ում։
«Թանկ կլինի, որովհետև կենսամակարդակը բարձր է, ուստի սահմանափակում կդնեմ Չինաստանի համար, որպեսզի հավասարեցնեմ ապրանքի գինն ու իմ երկրում արտադրվեն այդ արտադրանքները։ Չինաստանը նույն ձևով փորձում է ԱՄՆ-ի նկատմամբ այդ քայլերն անել , բայց այս պայքարից փոխվում է գլոբալ համաշխարհային առևտրային կազմակերպության սկզբունքները և դրանք խաթարվում են։ Ամեն մի խոշոր շուկա, որ ունի մեծ ներքին շուկա՝ ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման նպատակ է դնում»,- մանրամասնեց նա։
Իսկ Հայաստանի պես փոքր երկրները, ըստ Կարեն Ադոնցի, այդպիսի քաղաքականություն չեն կարող վարել, քանի որ փոքր շուկա չունեն, այդ շուկայում որևէ արտադրություն արդյունավետ կազմակերպել հնարավոր չէ, շատ դժվար կլինի առանց արտահանման, ուստի եթե ընդհանուր տնտեսական թրենդը, ուղղվածությունը լինի այնպիսին, ինչպիսին Միացյալ Նահանգներն է անում՝ ամեն մեկն իր ներքին շուկան գրկած զարգացնի և այլն, ու դա դառնա ընդհանուր քաղաքականություն, բոլոր երկրների համար, փոքր ներքին շուկա ունեցող պետությունները կտուժեն։
«Որովհետև հակառակ բևեռում ենք, փոքր երկիր ենք, փոքր ներքին շուկա ունենք, մենք հիմնականում արտահանման վրա ենք կարող զարգանալ, իսկ նրանք ունեն խոշոր շուկա, մեծ ներմուծում, ուստի ներմուծումը փոխարինում են ներքին արտադրություններով, իրենց համար զարգացման հնարավորությունը մեծ է։ Այդ քաղաքականության իմաստը դա է։ Եթե դա դառնա համաշխարհային տնտեսության տենդենց, կտուժենք դրանից, որովհետև բոլոր երկրները կսկսեն փակվել»,- եզրափակեց նա։