Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ակցիա` Կենդանաբանական այգու դիմաց. Ռուբեն Խաչատրյանից պահանջում են վերադարձնել մորուքավոր անգղերին․ լուսանկարներ (տեսանյութ)

Երեկ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։
 
Կենդանաբանական այգու տարածքում գտնվող Կենդանաբուժական կլինիկայում այսօր լրագրողների հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանն ասաց, որ եթե Երևանի քաղաքային իշխանությունները գտնում են, որ կա ավելի լավ թեկնածու այգու համար, ինքը միայն կլինի այդ մարդու կողքին և կաջակցի։
 
Անդրադառնալով կենգուրուների և մուֆլոնների վրա շների հարձակումներին՝ նա ասաց, որ քննությունը ցույց կտա, թե այդ հարցում մարդկային գործոն եղե՞լ է, թե՞ ոչ։
 
Հոշոտված կենդանիների վերաբերյալ փորձաքննության արդյունքները, ըստ Ռ․ Խաչատրյանի, հայտնի կդառնան երեքշաբթի օրը։ Նա պատրաստ է իր հիմնադրած «Վարի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի միջոցով  աջակցել կենդանաբանական այգու գործունեությանը։ 
 
Այգու բակում հավաքվել էին մի խումբ կենդանասերներ, ովքեր պահանջներ էին ներկայացնում։ Անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանն ասաց, որ Ռ․ Խաչատրյանը չպետք է հենց այնպես հեռանա, և պատասխաններ պետք է տրվեն նախկինում ծախսված գումարների վերաբերյալ, իսկ գլխավոր պահանջը, ըստ անասնաբույժի, Ուրցաձոր տեղափոխված մորուքավոր անգղերը վերադարձնելն է։ 
 
Այգու նախկին աշխատակից, «Ակվատերարիում»-ի նախկին ղեկավար Կարեն Մարտիրոսյանն, անդրադառնալով շների հարձակման հարցում մարդկային գործոնի հնարավորությանը, ասաց, որ ծիծաղելի է այդպիսի ենթադրությունը, և նախկինում նույնպես եղել են հարձակման դեպքեր։