Վճռաբեկ դատարանը Ժիրայր Սեֆիլյանի օգտին որոշում է կայացրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա հեռուստաընկերության» գործով Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանը։
Գործը վերաբերում է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի հատվածում Արցախյան ազատամարտի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված դրվագներին։
Հաղորդման ժամանակ, ըստ փաստաբանի, արատավորվել էին Սեֆիլյանի հրամանատարական որակները, և կասկածի տակ էր դրվել հայրենասիրությունը։ Դեպքը վերաբերում է 1992 թվականի հունիսի 29-ին Մարտակերտի շրջանում Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած հատուկ գործողությանը, որի ժամանակ պետք է ինչ-որ բարձունք գրավվեր։ Տեղի բնակչության մասնակցությամբ, ըստ փաստաբանի, ջոկատ է ձևավորվել, բայց այդ տեղանքն ականապատված է եղել, փորձ է արվել տեղաշարժվելու, մի քանի ական է պայթել․ մի հոգի զոհվել էր, մի հոգի վիրավորվել էր, բայց կարծել էին, որ մահացել է (Թալիշի նախկին համայնքապետ Արարատ Սարգսյանը – հեղ․), վիրավորվել էր նաև Սեֆիլյանը։
«Եվ այդ դեպքի ականատես երեք անձանց խոսեցրել էին, իրենք բացատրություններ էին տվել, պատմել էին դեպքը»,- շարունակեց փաստաբանը հաղորդման վերաբերյալ։ Տիգրան Հայրապետյանն ասաց, որ ականատեսների զրույցներին հաջորդել էին հաղորդումը կազմողի մեկնաբանությունները, որոնք և հիմք էին դարձել հերքման պահանջի համար։
Հաղորդման ժամանակ խոսողներից Վալո Սիմոնյանը (Թալիշի շտաբի պետ – հեղ․) պատմում է, որ անտառ մտնելուն 20-30 մետր հեռավորություն էր մնացել, ական կամ նռնակ էր պայթել, որին հաջորդել էր երկրորդը, եղել էին վիրավորներ, իսկ ամենածանրը՝ Արարատ Սարգսյանը։ Հաղորդման ընթացքում Սարգսյանն ասում է․ «Աղոտ հիշում եմ, որ ասեցին՝ «Մեռել ա»»։ Ստացված վնասվածների պատճառով Սարգսյանը չի կարողացել հասկացնել, որ ողջ է։ Այնուհետև Սիմոնյանը նշում է, որ այդ ժամանակ ինքը մտածել է, թե Սարգսյանը դեռ ողջ է, սակայն ջոկատի մի մասը՝ ոչ։ Հետո կարծելով, թե վերջինս մահացել է, տարել են մի ծառի տակ ու ճյուղերով ծածկել էին՝ իրավիճակը հանդարտվելուց հետո նրա հետևից գալու նպատակով։
Այնուհետև հաղորդման ժամանակ խոսողներից՝ Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը պատմում է, թե երկու ձի է եղել ջոկատի մոտ․ մի ձիու վրա տեղափոխել են զոհվածներից մեկի դիակը, իսկ մյուսի վրա՝ վիրավորված Սեֆիլյանին։ Դեպքերի նկարագրումից հետո հաղորդման ընթացքում հնչում է հետևյալ մեկնաբանությունը․ «Ջոկատի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը որոշել էր երկրորդ ձիու վրա ինքը բարձրանալ։ Ըստ էության՝ սա երկու իրողության մասին է վկայում․ առաջին, որ հրամանատարի խոսքը բավականաչափ կշիռ չի ունեցել, որպեսզի երկրորդ ձիու վրա էլ մյուս, թեկուզ զոհված համարված զինվորին տեղափոխեն, կամ պարզապես նախընտրել է հոգալ սեփական կյանքի մասին»։
Հաջորդ օրը Արարատ Սարգսյանը ուշքի էր եկել ու 3 օրվա ընթացքում սվին-դանակի օգնությամբ գետնին սողեսող հասել էր հոսպիտալ։ Հաղորդման վերաբերյալ Սեֆիլյանը 2016 թվականի հունիսի 15-ին դիմել էր «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող փաստացի անճշտությունները հերքելու պահանջով:
Դիմումի մեջ Սեֆիլյանը նշել էր, որ այդ ժամանակ լուրջ վիրավորում է ստացել՝ զրկվելով տեղաշարժվելու հնարավորությունից, Արարատ Սարգսյանի ենթադրյալ մահվան մասին իմացել է ժամեր անց, իրեն ձիով չեն տեղափոխել, այլ՝ շալակած, իսկ անտառապատ տարածք հասնելուց հետ պատգարակով և այլն։
«Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներն ու պատճառաբանություններ ուղղորդող նշանակություն ունեն, ու ճիշտ կլիներ, որ լրատվամիջոցները տեղյակ լինեին այս որոշումից, որովհետև եթե մինչև այս Վճռաբեկ դատարանն ավելի լայն էր մեկնաբանում խոսքի ազատության իրավունքը, ապա այս վերջին որոշմամբ բավականին խիստ չափորոշիչներ է սահմանել, անգամ ավելին խիստ, քան Եվրոպական դատարանը»,- ընդգծեց նա։
Ըստ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման՝ անդրադարձ է կատարվել նաև լրագրողական աշխատանքին։ Որոշման «Գնահատողական դատողության մասով» վերտառությամբ հատվածում դատարանը կարևորել է լրագրողական գործունեությունը որևէ դեպքի վերաբերյալ գնահատողական դատողություն հնչեցնելիս։ «․․․ անթույլատրելի է անձի արժանապատվության ոտնահարումը՝ կարծիքի տարածման ազատության շղարշի ներքո», - նշված է որոշման մեջ։
Վճռաբեկ դատարանի այս որոշմամբ՝ փաստաբանը հույս ունի, որ ընդհանուր իրավասության դատարանը կբավարարի իրենց պահանջը, և «Արմենիա» հեռուստաընկերությունը համապատասխան քայլերը կկատարի։
Նշենք, որ 2016 թվականի հունիսի 15-ին «Նոր Հայաստան» կազմակերպությունը անդրադարձ էլ էր հաղորդման՝ Սեֆիլյանին վերաբերող դրվագներին ։