Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Այգին պետք է ցանկապատվի»․ ինչպե՞ս են թափառող շները հարձակվել Կենդանաբանական այգու կենգուրուների վրա (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգում թափառող շները հարձակվել են 3 կարմրավիզ կենգուրուների վրա, կենդանիների անկում է գրանցվել։

Կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանն ասում է՝ կենգուրուների ազատավանդակը վերանորոգվել էր գարնանը, հաշվի էր առնվել նաև նմանտիպ դեպքերի հավանականությունը, սական այս դեպքը տեղի է ունեցել տարածքի ցանկապատի բացակայության պատճառով․

«Կենդանաբանական այգին մյուս տարի կդառնա 80 տարեկան, և ստեղծման օրվանից ի վեր ամբողջ տարածքի ցանկապատման խնդիրն առկա է։ Բոլոր այգիները պետք է ցանկապատված լինեն, որովհետև այգին հատուկ օբյեկտ է, և այգում կարող են լինել նաև կենդանիների փախչելու դեպքեր, եթե մենք ունենայինք պարիսպ, այս դեպքը չէր լինի»,- նշում է Արտյոմ Մակարյանը։

Հարցին, թե Կենդանաբանական այգու աշխատակազմի տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ  սա 2011թ-ից մինչև այսօր այգի  թափառող շների մուտքի արդեն երրորդ դեպքն է, որի հետևանքով  կենդանիների անկում է գրանցվում, ինչո՞ւ մինչ այսօր անվտանգության միջոցներ ձեռք չեն առնվել, այգու աշխատակիցը պատասխանում  է․

«Մենք  հատուկ խումբ ունենք անվտանգության, որն օրնիբուն հետևում է, որպեսզի լրացուցիչ դեպքեր չլինեն։ Անվտանգությունը միանգամից արձագանքել է, բայց քանի որ շները շատ են եղել, և կենգուրու սատկացնելը առանձնապես բարդ չէ, դրա համար չի հաջողվել փրկել կենդանիներին։ Ինչ վերաբերում է առհասարակ թափառող շների խնդրին, մենք այդ հարցին առավել ուշադիր ենք։  Երբ նկատում ենք շների կուտակումներ, ահազանգում ենք և լուծում այդ հարցը»։

Արտյոմ Մակարյանը տեղեկացրեց, որ կենգուրուների վրա հարձակված շներից 3-ը չեն կարողացել դուրս գալ ազատավանդակից, կենդանիներին բռնել և  հանձնել են ստերջացման կենտրոն․

«Դա չի նշանակում, որ այն շները, որոնք փախան, հետ չեն գալու։ Մենք երևի կսահմանենք գիշերային հերթապահություն և կուժեղացնենք պահպանությունը։ Իսկ ընդհանրապես հարցը պետք է լուծվի գլոբալ, պետք է անպայման այգին ցանկապատվի»,- ասաց նա։

Այգու աշխատակիցը տեղեկացրեց նաև, որ ցանկապատ կառուցելու վերաբերյալ քննարկումները սկսվել են տարվա սկզբից։