Լուծման պատասխանատուն Ազգային ժողովն ու Սահմանադրական դատարանն են. Ա. Սաքունցը՝ Հայաստանում ռուսական զորքերի գործունեության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Անի Պլազա» հյուրանոցում ընթանում է «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» թեմայով քննարկում։
Քննարկմանը մասնակցում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Սաքունցը, նույն գրասենյակից Արմինե Սադիկյանը, քաղաքական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը, լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքական գործիչ Ստեփան Գրիգորյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Նինա Կարապետյանցը, օտարերկրյա մասնակիցներ և այլք։
Արթուր Սաքունցը դիտարկում արեց, ըստ որի՝ Հայաստանի Պաշտպանության բյուջեն համարվում է բաց, հայտնի է թիվը, բայց Հայաստանում ռուսական ռազմաբազայի բյուջեի պարագայում համարվում է գաղտնի։
«Կամ պետք է ընդունենք, որ պետական բյուջեից ռուսական ռազմաբազային տրամադրվող մասը գաղտնի գրիֆով է կամ գաղտնիության կարգավիճակ ունի», - ընդգծեց նա։
Ա․ Սաքունցն ասաց, որ հասկանում է ռազմական գաղտնիքների անհրաժեշտությունն անվտանգության ոլորտում, սակայն դրանք չեն կարող ունենալ լայն տարածական իմաստ՝ անվերահսկելի դարձնելով որևէ կառույցի գործունեությունը։
Ռուսական ռազմաբազայի ներկայությունը Արթուր Սաքունցը համարում է Խորհրդային Միության փլուզումից հետո մնացած բազաների շարունակությունը։ «Պետությունների անունները փոխվեցին, բայց դրանք շարունակեցին մնալ և կարգավիճակների ֆորմալ փոփոխությունները բովանդակային նշանակություն չունեցան», - շարունակեց նա։
Ըստ հասարակական գործչի՝ ռազմաբազաների նպատակները մնացին նույնը, ինչ Խորհրդային ժամանակ, բայց ոչ տվյալ երկրի անվտանգության ապահովման կոնտեքստում, քանի որ «եթե դու չունես վերահսկողություն, հետևաբար դու ունես խնդիր»։
Լրագրողի հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ այս պայմանագրերը ինչ-որ պահի կվերանայվեն, նա պատասխանեց, որ հարցը իրենց չպետք է ուղղվի, իրենք օրակարգում հարցն են բարձրացնում, և հարցը պետք է ուղղվի իշխանությանը և նա պետք է այդ հարցը լուծի։
«Լուծման պատասխանատուն Ազգային ժողովն է, և ի վերջո լուծման պատասխանատուն Սահմանադրական դատարանն է», - ընդգծեց իրավապաշտպանը։