Բացել լրահոսը Փակել լրահոսը
76782740_457608368212238_7586260701258186752_n
A A
Մշակույթ

Ժամանակակից դասականների բացառիկ փառատոնը Հայաստանում

Նոյեմբերի 1-ից 9-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։

Սա բացառիկ փառատոն է, նմանը չունեցող աշխարհում,  երբ հնարավորություն է ընձեռվում ընդունել ժամանակակից կոմպոզիտորների աստղաբույլի, որոնք այսօր ստեղծում են դասական արվեստը և ունկնդրել նրանց երկերը՝ հանրահռչակ երաժիշտների կատարմամբ։

Հայ հանդիսատեսը կվայելի դաշնակահար Բորիս Բերեզովսկու, ալտահար Յուրի Բաշմետի, ջութակահար Գիդոն Կրեմերի, թավջութակահար Մարիո Բրունելոյի կատարումները։

Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը նվիրված է մեկ կոմպոզիտորի, որոնք ներկա կգտնվեն համերգներին։ Մասնավորապես՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Ալեքսանդր Չայկովսկին և Կարլ Ջենկինսը։

Համերգային երեկոներից մեկը նվիրված է Գիա Կանչելիի հիշատակին, ով, ցավոք մեկ ամիս առաջ հրաժեշտ տվեց կյանքին։

Իսկ փառատոնի բացման համերգը նվիրված է Տիգրան Մանսուրյանին։

«Նստել Տիգրան Մանսուրյանի կողքին և խոսել երաժշտության մասին ինձ համար արդեն երևույթ է»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և հավելում, որ Մանսուրյանի անունով և իր գործերով ճանաչում են Հայաստանը, մինչդեռ նրա որևէ մեկ գործ տասնամյակների ընթացքում հայկական կոլեկտիվներից և որևէ մեկը չի ձայնագրել։

Տիգրան Մանսուրյանը փառատոնը բնութագրեց որպես նմանը չունեցող, իրոք բացառիկ իրադարձություն, որը ներառում է նման անուններ։ Նա նշեց նաև, որ քիչ երկրներ կարող են իրենց թույլ տալ ժամանակակից կոմպոզիտորների փառատոն ունենալ և մենք պետք է շնորհակալ լինենք մեր աջակիցներին՝ ի դեմս Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի։

«Բացման համերգին իմ գործերի մի քանի կատարում կհնչի ֆրանսաբնակ հիանալի ջութակահար Շուշան Սիրանոսյանի կատարմամբ, ում դեռ փոքր հասակից գիտեի, քանի որ մտերիմ էի նրա հայրիկի հետ, իսկ այսօր Շուշանը ջութակի մեծ վարպետ է և հանդես է գալիս մեծ բեմերում։ Թավջութակահար Մարիո Բրունելոյի հետ, ով կկատարի իմ թավջութակի կոնցերտը՝ «Ու՞ր է Աբել, եղբայր քո», ծանոթացել եմ Վենետիկում, Հռոմի Պապի ընդունելության ժամանակ։ Երբ Բրունելոյի կատարմամբ այդ օրը լսեցի իմ այս գործը հիացած էի, և իմ մեծ ցանկությունն էր, որ մի օր էլ մեր հանդիսատեսի համար կատարի։ Եվ սա հիմա կիրականանա»։

Փառատոնը համախմբել է նաև մեր կոլեկտիվներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը փառատոնի կազմակերպիչն է, հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։