Ի՞նչ անի վետերանը, նստի, սպասի իր վերջի՞ն. Ռուբեն Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վետերանների միավորման աշխատանքի և թիկունքի հանրապետական կոմիտեի նախագահ Ռուբեն Սարգսյանի խոսքով, մեր երիտասարդներն այսօր, ցավոք, շատ քիչ գիտեն աշխատանքի վետերանների մասին։ Վետերանին ու թոշակառուին նույնականացնում են, մոտեցումը նույնն է, ինչ մեծահասակ թոշակառուի հանդեպ, մինչդեռ վետերանները աշխատանքի հերոսներն են, ովքեր զարգացրել են արդյունաբերությունն ու տնտեսությունը, բարիք ստեղծել և նրանց աշխատանքի արդյունքներն այսօր վայելում է ժողովուրդը, մասնավորապես` երիտասարդները։
«Երեկվա երիտասարդներն այսօրվա վետերաններ են, իսկ վաղը, մյուս օրն այսօրվա երիտասարդներն են դառնալու վետերաններ։ Սակայն այսօր դեռ չեն գիտակցում, որ վետերանի համար կարևոր է ոչ թե գոյատևելը, այլ երկրին պիտանի լինելը։ Երիտասարդները, միգուցե գիտելիքներ ունեն, սակայն փորձի տեսանկյունից զրո են։ Այսինքն, վետերանը կարող է դառնա լավ խորհրդատու և կիսվի իր փորձով»։
Պարոն Սարգսյանի խոսքով, վետերաններ ունենք, որ լավ մասնագետներ են եղել, մեծ փորձ ու գիտելիքներ ունեն, առույգ են ու պայծառ միտք ունեն, սակայն անգործ նստած են տանը։ Նրանց փորձն ու գիտելիքները օգտագործելը պարտադիր է, և պետք է խորհրդատուի աշխատանքով ապահովել։ Եվ սա պետք է կառավարությունը պարտադրի, մինչդեռ կառավարության դռներն իրենց առջև առայժմ փակ են։ Դռներից մեկն էլ, որ պատրաստվում են «ծեծել»՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի «դուռն է»։
Կբացեն «դուռը», թե չէ, չգիտեմ, ասում է աշխատանքի վետերանների կոմիտեի նախագահն ու ցավով հավելում․ «Վետերանը, որ կարող է աշխատել ու օգուտ տալ երկրին, հիմա նստել ու ինչի՞ն է սպասում, վերջի՞ն»։